Լիտվայի կառավարությունը թույլատրել է գնել լեհական Գռոմ դյուրակիր ԶՀՀ-ները

Լիտվայի կառավարությունը 2014-ի հուլիսի 4-ին ընդունած իր որոշմամբ թույլատրել է պաշտպանության նախարարությանը ձեռք բերել լեհական արտադրության Գռոմ դյուրակիր զենիթահրթիռային համալիրներ։ Գնումը ֆինանսավորելու նպատակով կառավարությունը ՊՆ-ին կհատկացնի լրացուցիչ 51 միլիոն ամերիկյան դոլար։ Այս մասին հայտնում է լիտվական The Lithuania Tribune լրատվակայքը։

Գռոմ դյուրակիր ԶՀՀ-ն իր հրթիռով

Գռոմ դյուրակիր ԶՀՀ-ն իր հրթիռով

Գռոմ զենիթահրթիռային համալիրը կշահագործվի ներկայումս լիտվական զինուժի սպառազինությունում առկա ամերիկյան Սթինգեր համալիրի հետ մեկտեղ։

Գործարքի հավանական կայացման մասին հայտնի էր դեռևս 2014-ի մարտից, երբ Լիտվայի և Լեհաստանի պաշտպանության նախարարների հանդիպման օրակարգում ի թիվս այլ հարցերի, դրված էր նաև լիտվական կողմին Գռոմ դյուրակիր ԶՀՀ-ի վաճառքի քննարկումը։

Գործարքի ժամկետների և ծավալների մասին ստույգ տեղեկություններ չկան, սակայն հայտնի է, որ լիտվական կողմին համալիրները հարկավոր են հնարավորինս շուտ։ Իսկ ծավալների վերաբերյալ որոշ աղբյուրներ նշում են, որ խոսքն առնվազն մի քանի տասնյակ միավորի մասին է։

Օդային թիրախների խոցման համար նախատեսված Գռոմ դյուրակիր զենիթահրթիռային համալիրն արտադրվում է լեհական Mesko ձեռնարկությունում՝ 2002 թվականից։ Գրեթե զուգահեռաբար այն սպառազինության է ընդունվել Լեհաստանի զինված ուժերում։ Համալիրը կարող է օդային թիրախները խոցել մինչև 5 500 մետր հեռավորության և մինչև 3 500 մետր բարձրության վրա։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *