Տու-214ՕՆ դիտորդական երկրորդ ինքնաթիռը համալրեց ՌԴ ՌՕՈւ ավիապարկը

«Բաց երկնքի» պայմանագրի շրջանակներում դիտորդական թռիչքների անցկացման համար նախատեսված Տու-214ՕՆ երկրորդ ինքնաթիռը 2014-ի հուլիսի 4-ին փոխանցվել է ՌԴ պաշտպանության նախարարությանը։ Նախորդը շահագործման էր հանձնվել 2013-ի օգոստոսին։ Այս մասին հայտնում է Airforce.ru ռազմական ավիացիոն լրատվակայքը։

Տու-214ՕՆ դիտորդական ինքնաթիռ

Տու-214ՕՆ դիտորդական ինքնաթիռ

Ինքնաթիռը ՌԴ ՊՆ կազմում կատարել է իր առաջին թռիչքն ու Կազանից մեկնել Մոսկվա, որտեղ էլ կանգնել է մշտական տեղակայման։

Ընդհանուր առմամբ 2 միավոր Տու-214ՕՆ (ռուս.՝ Ту-214ОН-открытое небо) դիտորդական ինքնաթիռի կառուցման պետական պատվերը կատարում էր Կազանի ավիաշինական գործարանը։ Ի սկզբանե նախատեսված էր պայմանագրի կատարումն ամբողջությամբ ավարտել մինչև 2013-ի դեկտեմբերը, սակայն փաստացի դա եղավ միայն հիմա՝ 2014-ի հուլիսին։

Նշենք, որ «Բաց երկնքի» պայմանագիրն ընդունվել է 1992-ին, այն ստորագրել է 34 երկիր։ Պայմանագիրը ենթադրում է դիտորդական թռիչքներ միմյանց տարածքում՝ համապատասխան թույլտվություն ստանալու դեպքում։ Դիտորդական թռիչքներն անցկացվում են հատուկ ինքնաթիռներով, որոնց վրա բացակայում է որևէ սպառազինություն, ինչպես նաև տեխնիկական հատուկ միջոցներ, որոնք նախատեսված չեն պայմանագրի հիմնարար փաստաթղթով։

Թռիչքներից առաջ միջազգային հատուկ աշխատանքային խումբն անցկացնում է ինքնաթիռի զննում, ինչից հետո նոր տրվում է համապատասխան թույլտվություն և ինքնաթիռը սկսում է դիտորդական օդային առաքելությունը։

Հավելենք, որ Տու-214ՕՆ-ով Ռուսաստանում նախատեսվում է փոխարինել Տու-154 և Ան-30 ինքնաթիռները, որոնցով էլ ներկայումս անհրաժեշտության դեպքում ՌԴ-ն իրականացնում է տեսչական թռիչքներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *