Իրադրությունն Ուկրաինայում. թարմացվող լրահոս. հուլիսի 6

Ուկրաինայի հարավ-արևելքում առաջին անգամ ապրիլի կեսերից, ինչ սկսվել է զինված հակամարտությունը, ուժայինների հաջողվել է մտցնել բեկում։ Ապստամբները ստիպված են եղել լքել Սլավյանսկ քաղաքը, որը համարվում էր ռուսամետ մարտիկների միջնաբերդը։

Ծավալվող իրադարձություններին օպերատիվ հետևելու համար Ռազմինֆոն առաջարկում է թարմացվող լրահոսը։

Ուկրաինայի ազգային դրոշը Սլավյանսկի քաղաքապետարանի վրա բարձրացնելիս

Ուկրաինայի ազգային դրոշը Սլավյանսկի քաղաքապետարանի վրա բարձրացնելիս

21։45-Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարի տեղակալը բացահայտել է ապստամբների դեմ պայքարի հետագա մարտավարությունը։ Ըստ այդմ, նախատեսվում է ամբողջությամբ շրջափակման մեջ առնել Լուգանսկի և Դոնեցկի շրջաններն, այդ կերպ ստիպելով ապստամբներին վայր դնել զենքը։

20:10-Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ներկայացուցիչները հայտնում են, որ ուկրաինական օդուժի ինքնաթիռները հրթիռակոծել են Լուգանսկի արվարձաններից մեկը։ Զոհերի ու վիրավորների մասին տեղեկություններ դեռևս չկան։ Հիշեցնենք, որ ազգային գվարդիայի հրամանատար Ստեպան Պոլտորակն այսօր վստահեցրել էր, թե ավիահարվածներ ապստամբների դիրքերի ուղղությամբ չի նախատեսվում հասցնել։

18։55Ուժեղ պայթյուն է որոտացել Սլավյանսկի՝ Ուկրաինայի անվտանգության ծառայության շենքում։ Այս պահին այլ մանրամասներ հայտնի չեն։ Հիշեցնենք միայն, որ 2 ամսից ավել ձգվող ինտենսիվ մարտերից հետո՝ հուլիսի 5-ին միայն ուժայիններին հաջողվեց վերահսկողություն սահմանել քաղաքի նկատմամբ ու քաղաքապետարանի շենքի վրա բարձրացնել Ուկրաինայի ազգային դրոշը։

17։15-Ուկրաինայի պաշտպանության նախարարն ու զինված ուժերի գլխավոր շտաբի պետը նախագահ Պորոշենկոյին զեկուցել են, որ ուժայինները վերահսկողություն են սահմանել նաև Արտեմովսկ և Դրուժկովկ բնակավայրերի նկատմամբ։ 

16։30-Ուկրաինայի անվտանգության ծառայությունը տարածել է համառոտ հաղորդագրություն, որում նշվում է, որ կալանավորվել է Դոնեցկում կռվող ապստամբ ուժերի հրամանատար Իգոր Ստրելկովի մերձավորներից մեկը։

15։15-Ուկրաինայի ազգային գվարդիայի հրամանատար Ստեպան Պոլտորակը լրատվամիջոցներին հայտնել է, որ իրենց տեղեկություններով նախօրեին Սլավյանսկը լքած ապստամբները ներկայումս ապաստանել են Դոնեցկում։ Նա հերքել է նաև տեղեկությունները, թե նախատեսվում է ավիահարված հասցնել Դոնեցկին։

14։00-Կիևյան իշխանությունների կողմնակիցներից կազմված «Ազով» գումարտակն իր ֆեյսբուքյան էջի միջոցով հայտնել է, որ ամբողջությամբ վերականգնել է հսկողությունն Ազովի ծովի ափամերձ բոլոր այն շրջաններում, որոնք մինչ այդ վերահսկում էին ռուսամետ ուժերը։

13։25-Ուժայինները շարունակում են վերականգնել հսկողությունը մի շարք քաղաքների ու բնակավայրերի նկատմամբ, որոնք ամիսների շարունակ վերահսկում էին ապստամբները։ Շարունակելով նախօրեին գրանցած հաջողությունը՝ Սլավյանսկի զբաղեցումը, ուժայինները հայտնել են, որ հուլիսի 6-ին մտել են նաև Կրամատորսկ, ուր ևս բարձրացվել է Ուկրաինայի ազգային դրոշը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *