«Ազերիգազն» Արցախյան պատերազմի հաշմանդամներին հեռացնում է աշխատանքից

Ադրբեջանական «Ազերիգազ» պետական արտադրական միավորման աշխատակիցները հուլիսի 5-ին հարցազրույց են տվել լրագրողներին՝ դժգոհելով, որ ղեկավար անձնակազմը կրճատումների շրջանակներում աշխատանքից հեռացնում է առաջին հերթին Արցախյան պատերազմի հաշմանդամ վետերաններին:

Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական մասնաճյուղը, կրճատման զոհ են դարձել մասնավորապես վետերաններ Ահմեդ Ռահմանովը և Մաարիֆ Նաբաթովը: Ռահմանովը լրագրողներին պատմել է, որ 17 տարի փականագործ է աշխատել «Ազերիգազում», սակայն նրան կրճատել են՝ խախտելով Ադրբեջանի Աշխատանքային օրենսգրքի 78-րդ ու 79-րդ կետերը, որոնք առավելություններ են ընձեռում Արցախյան պատերազմի հաշմանդամներին:

Ռահմանովի խոսքերով՝ «Ազերիգազը» հարկադրում է Արցախյան պատերազմի մասնակցիներին սեփական կամքով հեռացման դիմում ստորագրել այն դեպքում, երբ նրանց զգալի մասն աշխատանքի ու մշտական եկամուտի կարիք ունի, քանի որ ամեն ամիս վարկ է վճարում:

Հիշեցնենք, որ «Ազերիգազը» հիմնվել է 2009-ի հուլիսի 1-ին Ադրբեջանի նախագահի հատուկ հրամանագրով և ընդգրկված է Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) կազմում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *