Չեխիայի բանակում նկատվում է զինամթերքի սղություն

Չեխական բանակում նկատվում է ընհանուր առմամբ շուրջ 650 միլիոն դոլարի զինամթերքի պակաս։ Հիմնականում սահմանվածից քիչ է զինամթերքը BREN 805 հրազենային համալիրի, Pandur II զրահափոխադրիչի և շվեդական Saab ընկերությունից վարձակալված JAS 39-Gripen կործանիչների համար։ Ինչպես հաղորդում է ռուսաստանյան «Ռիա-Նովոստի» գործակալությունը, այս մասին հայտնել է Չեխիայի զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչ, գնդապետ Յանա Ռուժիչկովան։

Չեխական բանակի զինծառայողը BREN 805 հրազենային համալիրով

Չեխական բանակի զինծառայողը BREN 805 հրազենային համալիրով

Նա նշել է, որ իշխանությունները գիտակցում են այդ խնդրի հրատապությունն ու վերջինիս լուծման համար խորհրդարանի պաշտպանության հարցերով հանձնաժողովն օրերս գումարել է դռնփակ նիստ, որին ներկա է եղել նաև ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Պյոտր Պավելը։

Խոսելով զինամթերքի պակասի առաջացման պատճառների մասին, Ռուժիչկովան նշել է, որ խնդիրը ծագել է, երբ այլ երկրներից գնվել է սպառազինություն՝ առանց առկա միջոցների մանրակրկիտ նախահաշվարկի։ Արդյունքում գնվել են սպառազինության նոր նմուշներ, առանց զինամթերքի անհրաժեշտ քանակության։

Կին գնդապետը նկատել է, որ խնդիրը ոչ միայն չեխական զինված ուժերի առջև դրված առաջադրանքների պատշաճ կատարումն է, այլև երկրի միջազգային վարկանիշի պահպանումը, քանի որ Չեխիան ՆԱՏՕ-ի և Եվրամիության փորձված գործընկերն է, որից անհրաժեշտության դեպքում ակնկալում են ռազմական ներդրում այս կամ այն հակամարտության լուծման շրջանակներում։ Իսկ զինամթերքի պակասի դեպքում, հնարավոր չէ դաշնակից ուժերին տրամադրել ամբողջական լրակազմով գումարտակ, որն ի վիճակի կլինի, օրինակ մեկ ամիս ինքնուրույն հոգալ իր կարիքները։

Ռուժիչկովան նշել է, որ խնդիրն ունի լուծման միայն մեկ ուղի. պետք է ավելացնել պաշտպանական կարիքների համար հատկացվող գումարի չափը։ Նման առաջարկով արդեն իսկ հանդես է եկել երկրի վարչապետ Բոգուսլավ Սոբոտկան, ով առաջարկել է 2015-ի պետական բյուջեում պաշտպանական կարիքների համար ներկայիս 2.1 միլիարդի փոխարեն հատկացնել 2.18 միլիարդ ամերիկյան դոլար։

Պետք է նշել, սակայն, որ դրանով չեխական բանակի նյութաապահովման խնդիրը չի լուծվի ամբողջությամբ։ Առհասարակ, ՆԱՏՕ-ն հորդորում է անդամ երկրներին պաշտպանության համար հատկացնել ՀՆԱ-ի 2 տոկոսը, մինչդեռ Չեխիայի պարագայում, նույնիսկ 2.18 միլիարդ դոլարը կկազմի ոչ ավել, քան ՀՆԱ-ի 1.08 տոկոսը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *