Ռադիացիոն արտահոսքի կեղծ հաղորդագրություն ՑԱՀԱԼ-ի թվիթերյան միկրոբլոգում

Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը տարածել է հաղորդագրություն, որում ներողություն է խնդրել օրերս պաշտպանական գերատեսչության անգլալեզու միկրոբլոգում արված գրառման համար, ինչը դարձել է մի շարք իսրայելցիների անհանգստության պատճառ։ Այս մասին հյտնում է ռուսաստանյան «Ռիա-Նովոստի» լրատվական գործակալությունը։

Թվիթեր միկրոբլոգ

Թվիթեր միկրոբլոգ

Չարանենգ գրառման հեղինակներն են «Սիրիական էլեկտրոնային բանակի» ցանցահեններն, ովքեր կոտրելով ՑԱՀԱԼ-ի թվիթերյան միկրոբլոգն արել են իրականությանը չհամապատասխանող գրառում։

Դրանում նշվել է, որ երկրի հարավային Դիմոնա քաղաքի միջուկային կենտրոնի վրա ընկել է հրթիռ ու կա ռադիացիոն արտահոսքի լուրջ վտանգ։ Մինչ մամուլի ծառայությունում նկատել են կեղծ հաղորդագրությունն, այն արդեն հասցրել է տարածվել ու բնակչության որոշ շրջանում առաջացնել լուրջ անհանգստություն։

Նշենք, որ «Սիրիական էլեկտրոնային բանակն» այս քայլը պատճառաբանել է պաղեստինցիների նկատմամբ իր համերաշխությամբ։ Կազմակերպությունն ավելի վաղ աջակցում էր Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ու սիրիական ճգնաժամի ընթացքում բազմիցս կոտրել է արևմտյան մի շարք խոշոր լրատվամիջոցների կայքերն ու նույնիսկ ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի էլեկտրոնային էջը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *