Եռատոնի առթիվ Բակո Սահակյանը պարգևատրել է

ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ Հաղթանակի օրվա, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձի կապակցությամբ Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր պարգեւատրելու մասին:

Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ քաջության եւ անձնական արիության համար «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգեւատրվել են 2 հոգի, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով` 3 հոգի:

Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած անձնական արիության համար «Արիության համար» մեդալով պարգեւատրվել են 42 հոգի, որից 18-ը` հետմահու:

Մարտական առաջադրանքների կատարմանը նպաստող հմուտ, համարձակ գործողությունների, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման, երկրի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության համար «Մարտական ծառայություն» մեդալով պարգեւատրվել են 620 հոգի, որից 20-ը` հետմահու:

Շուշի քաղաքի ազատագրման համար մղված մարտերում ցուցաբերած անձնական խիզախության համար «Շուշիի ազատագրման համար» մեդալով պարգեւատրվել են 57 հոգի, որից 8-ը` հետմահու:

«Մեսրոպ Մաշտոց» շքանշանով պարգեւատրվել են 2 հոգի, «Վաչագան Բարեպաշտ» մեդալով` 4 հոգի, «Երախտագիտություն» մեդալով` 12 հոգի եւ «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպությունը (ԱՄՆ):

Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ունեցած վաստակի համար ԼՂՀ ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր աշխատողի պատվավոր կոչում է շնորհվել 1 հոգու:

Նույն օրը Նախագահը ստորագրել է նաեւ կարգադրություն 5 ազատամարտիկի ՎԱԶ-2115 մակնիշի ավտոմեքենաներ պարգեւելու մասին:

Երկրի ղեկավարը ստորագրել էր նաեւ կարգադրություն մի խումբ Հայրենական մեծ պատերազմի վետերանների, Պաշտպանության բանակի զինծառայողների, Արցախի ազատամարտիկների, զոհված եւ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների, ընդհանուր թվով 200 հոգու, արժեքավոր նվերներ հանձնելու մասին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *