Ադրբեջանն ավարտել է Վրաստանի հետ սահմանային շրջանի ականազերծման նախագծի առաջին փուլը

Ադրբեջանի ականազերծման ազգային գործակալությունն (ANAMA) ավարտել է Վրաստանի հետ սահմանին՝ Ադրբեջանի հյուսիս-արևմուտքում տեղակայված Ջեյանչել անունը կրող վայրի ականազերծման նախագծի առաջին փուլը: Այն խորհրդային զինուժի համար 1955-1991 թթ. ծառայում էր որպես փորձնական և ուսումնական  զորավարժարան:

ANAMA-ի հաղորդած տվյալներով՝ Ադրբեջանի կառավարությունը հոգացել է նախագծի ծախսերի 50 տոկոսը, իսկ մնացյալը՝ ՆԱՏՕ-ի Վստահության և գործընկերության հիմնադրամը: Նախագիծը հաստատվել էր 2011-ի հոկտեմբերի 4-ին: Առաջին փուլը տևել է 28 ամիս, ականազերծվել է 19 կմ² տարածք: Երկրորդ փուլը մեկնարկելու է թերևս 2014-ի հուլիսից՝ տևելով 24 ամիս:

Հիշեցնենք, որ ըստ 1999-ի ապրիլի 2-ին Ադրբեջանի կառավարության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ)-ի միջև կնքված համաձայնագրի՝ ANAMA-ն Ադրբեջանի ականազերծման նախագծի կատարողական կազմակերպությունն է, որը գործում է Ադրբեջանի ազգային ռազմավարական ծրագրի սկզբունքներով:

ANAMA-ն 2013-ի մարտի-ապրիլին զննել էր  Միլի շրջանի դրենաժային կոլեկտորը (Հադրութի շրջանի մոտակայքում), ինչպես նաև ծրագրում էր ականազերծել Սումգայիթին կից կրակադաշտը:

Հետաքրքիր է այն հանգամանքը, որ ANAMA-ի՝ 2013-ի ապրիլի զեկույցի համաձայն՝ 2004-ից Ադրբեջանում ականների պայթյուններից 369 զոհ, 2021 վիրավոր է գրանցվել: Սակայն ըստ ANAMA-ի հրապարակած նոր տվյալների՝ զոհերի թիվն աճել է՝ հասնելով 500-ի, վիրավորներինը՝ 3000-ի։

Սրանք արհեստական թվեր են, քանի որ հունիս ամսվա ընթացքում ադրբեջանական մամուլը, ինչպես նաև ՊՆ մամուլի ծառայությունը որևէ տեղեկություն չեն հաղորդել ականների պայթյունի ու զոհերի մասին, բացի այդ էլ տեսականորեն անհնար է, որ ոչ մարտական պայմաններում մայիսից մինչև հուլիսի սկիզբ ականներից զոհվի 131, վիրավորվի՝ 979 մարդ, և դա աննկատ մնա։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *