Ուկրաինայի հարավ-արևելքում նոր թափով շարունակվում են մարտերը հունիսի 20-ին հայտարարված հրադադարի վերջնաժամկետից հետո։
Ծավալվող իրադարձություններին օպերատիվ հետևելու համար Ռազմինֆոն առաջարկում է թարմացվող լրահոսը։
Կրամատորսկում ուկրաինական կողմի հրետակոծությունից զգալի վնասվել է տեղի հանրակրթական դպրոցների մեկի շենքը։ Ավերված շինությունները տարածվում են համացանցում։
22։30-Սոցցանցերում հայտնվում են գրառումներ, որոնց միջոցով օգտատերերը վկայում են թե ապստամբները ձեռնարկել են Դոնեցկի օդանավակայանի գրոհի հերթական փորձ։ Նրանց հավաստմամբ, օդանավակայնի տաածքում լսվում են ինտենսիվ կրակահերթեր և պայթյուններ։ Վստահելի լրատվամիջոցներն այս տեղեկությունը դեռևս չեն հաստատել։
21։40-Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշենկոն հայտարարել է, որ իրենց հաշվարկներով ապստամբների տրամադրության տակ կա շուրջ 120 միավոր զրահատեխնիկա՝ այդ թվում նաև տանկեր։ Հիշեցնենք, որ Դոնբասի ապստամբները մի շարք բնակավայրերում որպես Հայրենական մեծ պատերազմի հուշարձան կանգնեցված ԻՍ-3 (Իոսիֆ Ստալին) և Տ-34 տանկերը վերանորոգել ու սկսել են կիրառել ուժայինների դեմ մարտերում։
20։30-Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը տեղեկացրել է, որ Դոնեցկի Նիկոլաևկա բնակավայրի համար մղվող մարտերում ուժայիններն արձանագրել են հաջողություններ ու այժմ բնակավայրի մեծ մասն իրենց հսկողության տակ է։
18։50-Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ հրադադարի չեղարկումից հետո կորուստներն ուժայինների շարքերում զգալիորեն նվազել են։ Այս կերպ, Պորոշենկոն հավանաբար, փորձել է արդարացնել հարավ-արևելքում հակաահաբեկչական գործողությունը շարունակելու նպատակահարմարությունը։
18։25-Ուկրաինական լրատվամիջոցները տարածում են դեռևս չճշտված տեղեկություն, համաձայն որի Դնեպրոպետրովսկի շրջանային ղեկավար Իգոր Կոլոմոյսկու կողմից ֆինանսավորվող Ազով գումարտակը փոխել է իր տեղակայման վայրն ու այժմ մեկնում է Դոնեցկ՝ հակաահաբեկչական գործողություններին ողջ կազմով մասնակցելու համար։
17։45-Ապստամբները Լուգանսկից հայտնում են, որ օպերատիվ տեղեկությունների համաձայն, ուժայինները Լուգանսկ բնակավայրի մատույցներում բացազատել են Գրադ համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, ավելի ստույգ ՝ արձակման 3 կայան։ Դրանք ուղեկցում են 6 զրահափոխադրիչ և շուրջ 10 բեռնատար մեքենա։
17։00-ՌԴ արտգործնախարարությունն արձագանքել է Ուկրաինայի անվտանգության ծառայության որոշմանը, որով հետախուզում է հայտարարվել ՌԴ անվտանգության դաշնային ծառայության պետի տեղակալի և «Ռոսիյա սեվոդնյա» հեռուստահաղորդման ղեկավարի նկատմամբ։ ԱԳՆ մամուլի քարտուղար Գրիգորի Կառասինն անհեթեթություն է որակել պնդումը, թե վերոնշյալ անձինք կարող են աջակցել ահաբեկչությանը։
16։10-Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Անդրեյ Պորուբին հայտարարել է, որ չի բացառում երկրի հարավ-արևելյան շրջաններում ռազմական դրության սահմանումը։ Օրեր առաջ, սակայն, նա հայտարարել էր, որ ռազմական դրության սահմանումն անթուլատրելի դադար կմտցնի հակաահաբեկչական գործողությունում։
15։35-Ուկրաինայի իշխանությունները պատրաստվում են մարդասիրական նոր միջանցք բացել բոլոր նրանց համար, ովքեր կուզեն լքել Դոնբասը։ Նախաձեռնությունը Գերագույն Ռադայում կքննարկվի երկուշաբթի օրը։ Հիշեցնենք, որ Պյոտր Պորոշենկոն նախագահի պաշտոնում ընտրվելուց անմիջապես հետո հանձնարարել էր սահմանել մարդասիրական միջանցք, սակայն որոշ ժամանակ գործելուց հետո այն փակվեց՝ դիրքային փոփոխական մարտերի հետևանքով։
14։50-Ուկրաինայի անվտանգության ծառայությունը քրեական հետախուզում է հայտարարել նաև «Ռոսիյա Սեվոդնյա» հեռուստահաղորդման ղեկավար Դմիտրի Կիսելյովի նկատմամբ։ Նրան մեղադրում են ահաբեկչության ֆինանսավորման համար։ Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին քրեական հետախուզում է հայտարարվել նաև ՌԴ անվտանգության դաշնային ծառայության պետի տեղակալի նկատմամբ՝ միևնույն մեղադրանքով։
14։45-Ուկրաինայի անվտանգության ծառայությունը տարածել է հաղորդագրություն, որում նշվում է, որ քրեական հետախուզում է հայտարարվում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության պետի տեղակալ, սահմանապահ զորքերի պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Կուշիշովի նկատմամբ։ Ուկրաինական կողմի հավաստմամբ՝ պատճառն աջակցությունն է ահաբեկչությանը։
13:10-Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Անդրեյ Պարուբին հայտարարել է, որ երկրի սհմանապահ ծառայության զինծռայողներն այսուհետ կրակ կբացեն ռուսաստանյան այն ուղղաթիռների վրա, որոնք կհատեն Ուկրաինայի օդային սահմանը։ Հիշեցնենք, որ Պարուբիի այս հայտարարությանը կապված է հուլիսի 3-ի միջադեպի հետ, երբ ռուս-ուկրաինական սահմանի երկայնքով դեմոնստրատիվ թռիչքներ իրականացնելիս ռուսաստանյան Մի-8 և Մի-24 ուղղաթիռները 2 անգամ հատեցին Ուկրաինայի օդային սահմանը։
11։50-Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հետ, որի ընթացքում վերահաստատել է, որ պատրաստ է հարավ-արևելյան շրջաններում կրկին հաստատել հրադադար, եթե ապստամբների կողմից լինեն երաշխիքներ, որ այն կպահպանվի։
11։35-Անհայտ անձինք զանգահարել են ոստիկանություն ու հայտնել, որ ուկրաինական «Պյատիյ կանալ» հեռուստաալիքի շենքում ռումբ է տեղադրված։
11։16- Կրամատորսկում ուկրաինական կողմի հրետակոծությունից զգալի վնասվել է տեղի հանրակրթական դպրոցների մեկի շենքը։ Ավերված շինությունները տարածվում են համացանցում։
11։15- Ուկրաինացի ուժայիններն օղակի մեջ են վերցրել Նիկոլաևկա ավանը, որը Սլավյանսկի մոտակայքում է։ Գիշերային ժամերին կողմերի միջև կատաղի մարտեր են եղել։
11։10- Գիշերը կրկին թեժ է եղել, կողմերը մարտեր են վարել։ Ուկրաինական կողմը, ըստ ապստամբների, կրկին հրետակոծել է Սլավյանսկը, Կրամատորսկը և մի շարք այլ բնակավայրեր։