ԱՄՆ Արլինգթոնի հուշահամալիրում՝ Վաշինգթոնից ոչ հեռու, կայացել է ԱՄՆ-ում առաջին կնոջը քառաստղ ծովակալի կոչում շնորհելու հանդիսավոր արարողությունը։ Ծովակալ Միշել Հովարդն արդեն զբաղեցնում է ԱՄՆ նավատորմի ռազմածովային գործողությունների հրամանատարի տեղակալի պաշտոնը։ Ընդ որում, ԱՄՆ-ում քառաստղ ծովակալի կոչումը համարվում է բարձրագույն ռազմական կոչում։
Ինչպես հաղորդում է «Ջեյնս» ռազմական վերլուծական կայքը, ԱՄՆ-ում առկա ավանդույթի համաձայն՝ չորրորդ աստղը Հովարդի ուսակալին ամրացրել են իր հրամանատարը՝ Ռեյ Մաբիուսը և ամուսինը՝ Ուեյն Կուոլեսը։ Ելույթ ունենալիս Մաբիուսը շեշտել է՝ սույն արարողությունը վկայում է, թե «ԱՄՆ-ն հավասարության և ժողովրդավարության որքան երկար ճանապարհ է անցել»։
Հավելենք՝ Հովարդը հայտնի է դարձել նրանով, որ ղեկավարել է Task Force 151 գործողությունն Ադենի ծոցում, որը միտված էր ծովահենության դեմ պայքարին։ Երբ Սոմալիի ծովահեններն առգրավել էին Maersk Alabama բեռնատար նավը, պատանդ էին վերցրել նավավարին, Հովարդը հատուկ ծրագիր էր մշակել, թե ինչպես են հետ բերելու նավն ու ազատելու պատանդներին։ Նրա նախաձեռնությամբ Ադենի ծոց էր ուղարկվել Bainbridge ականակիր նավը՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի հատուկ նշանակության զորքերի անձնակազմով։ Նրանց հաջողվել էր հարձակման և հրաձգության միջոցով ազատել նավի անձնակազմին՝ սպանելով 3 ծովահենի։
Հարկ է նշել, որ ԱՄՆ ցամաքային զորքերում քառաստղ կրող գեներալ կինը Էնն Դանվուդին է, որին այդ կոչումը շնորհվել է 2008-ին։
Pingback: ԱՄՆ նավատորմի մի շարք սուզանավերում կավելանա կին զինծառայողների թիվը | Ռազմ.info