Անհայտ անձինք հրթիռային հարվածներ են հասցրել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի միջազգային օդանավակայանին։ Ոստիկանության տվյալներով՝ օդակայանի տարածքում պայթել է 2 հրթիռ։
Ինչպես հաղորդում է աֆղանական Pajhwok լրատվական գործակալությունը, դեռևս պարզ չէ՝ զոհեր կամ վիրավորներ միջադեպի հետևանքով եղել են, թե ոչ։ Բացի այդ, որևէ խմբավորում կամ անհատ այս պահի դրությամբ չի ստանձնել հրթիռակոծման պատասխանատվությունը։
Հիշեցնենք, որ սույն թվականի մայիսին Քաբուլի միջազգային օդանավակայանում արձանագրվել էր մեկ այլ պայթյուն։ «Թալիբան» ահաբեկչական խմբավորման զինյալները 2 հրթիռ էին բաց թողել, որոնք պայթել էին օդակայանի բուն տարածքից փոքր-ինչ դեպի հյուսիս։ Դրա արդյունքում էի զոհեր ու վիրավորներ չկային։
Հավելենք, որ 2014-ի մայիսի սկզբին «Թալիբանի» ներկայացուցիչները հայտարարել էին ՆԱՏՕ-ի՝ Աֆղանստանում իրականացվող 13-ամյա առաքելության ավարտի նախօրեին նոր հարձակումներ կազմակերպելու մասին։
ՆԱՏՕ-ի մոտ 51 հազարանոց զորքերը պետք է որ դուրս բերվեն Աֆղանստանից 2014-ի դեկտեմբերին։ Ավելի վաղ Աֆղանստանի գործող նախագահ Համիդ Քարզայը հրաժարվել է ստորագրել երկկողմ պայմանագիր ԱՄՆ-ի հետ, որը ենթադրում էր ամերիկյան զինուժի մի քանի հազար զինծառայողի տեղակայումը երկրի տարածքում ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերումից հետո։ Իր հերթին, «Թալիբանը» պնդում է՝ ՆԱՏՕ-ի բոլոր զինծառայողները պետք է անհապաղ դուրս գան Աֆղանստանից, այլապես իրենք շարունակելու են իրենց զինված պայքարը։