Թուրքերը կրկին Հունաստանին մեղադրում են օդային սահմանը խախտելու համար

Թուրքիայի զինված ուժերը շարունակում են մեղադրել Հունաստանին թուրքական օդային և ջրային սահմանները խախտելու համար։

Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի փոխանցմամբ՝ այս անգամ էլ հունական բեռնատար ինքնաթիռն Էգեյան ծովում մի քանի անգամ խախտել է երկրի օդային սահմանը։

Հուլիսի 1-ին Հունաստանի ռազմաօդային ուժերի C-27J բեռնատար ինքնաթիռն ուսումնական թռիչքի ժամանակ 4 անգամ ընդհանուր 4,5 րոպե ժամանակով հայտնվել է Թուրքիայի օդային տարածքում։ Միջադեպը լուրջ հետևանքներ չի ունեցել։

Նշենք, որ վերջին շրջանում Թուրքիան հաճախ է մեղադրում հույներին իր օդային և ջրային սահմանները խախտելու, ինչպես նաև թուրքական ռազմական ինքնաթիռների թռիչքները խանգարելու համար։

Այսպես, Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերի 2 միավոր F-16 կործանիչները և 2 միավոր F-4 կործանիչ-ռմբակոծիչները հունիսի 17-ի առավոտյան ուսումնական թռիչք են կատարել Էգեյան ծովում, երբ նրանց որսալու համար օդ են բարձրացվել հունական F-16 կործանիչներ։ Նույն օրը հունական պարեկային կատերը մտել էր Թուրքիայի ջրային տարածք։

Ավելի վաղ թուրքական զինուժը հայտնել էր, թե Էգեյան ծովում Հունաստանի ռազմաօդային ուժերի կործանիչները խանգարել են թուրքական ռազմական ինքնաթիռների թռիչքին։

Նշենք, որ Թուրքիայի և Հունաստանի միջև Էգեյան ծովի ջրերում և օդային տարածքում հաճախ է լարված իրավիճակներ ստեղծում, քանի որ ՆԱՏՕ-ում դաշնակից այս պետությունները մի շարք կղզիների հարցում տարածքային խնդիրներ ունեն։ Բացի այդ, երկու պետությունների հարաբերությունները լարված են Կիպրոսի խնդրի պատճառով. կղզու հյուսիսային հատվածը շուրջ 40 տարի Թուրքիայի բռնազավթման տակ է։

One response to “Թուրքերը կրկին Հունաստանին մեղադրում են օդային սահմանը խախտելու համար

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. հունիսի 29-հուլիսի 5 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *