Իրադրությունն Իրաքում. թարմացվող լրահոս. հուլիսի 3

Իրաքի զինված ուժերի և «Իրաքի և Լևանտի (Ասորիքի) իսլամական պետություն» իսլամիստական (սուննի ուղղության) կազմակերպության միջև մարտերը փոփոխակի հաջողությամբ շարունակվում են։

Սիրիայում հաջող գործողություններից հետո ԻԼԻՊ-ն այժմ էլ ակտիվացել է Իրաքում՝ գրավելով այդ երկրի երկրորդ խոշոր քաղաքը՝ Մոսուլն ու փորձելով առաջանալ մայրաքաղաք Բաղդադի ուղղությամբ։

Թեև իրաքյան զինուժը որոշակի հաջողություններ ունենում է, սակայն իսլամիստները նույնպես գրավում են նոր տարածքներ, ինչպես նաև կարողանում պահպանել արդեն գրաված տարածքները։ Ստեղծված իրավիճակում Սաուդյան Արաբիան սկսել է զորքեր ավելացնել Իրաքի հետ սահմանին՝ հնարավոր վտանգին դիմակայելու համար։

Իրաքում զարգացումներին օպերատիվ հետևելու համար առաջարկում ենք թարմացվող լրահոսը.

16։30- Հունիսի սկզբին Մոսուլում գերեվարված թուրք վարորդներն ազատ են արձակվել։ 32 վարորդները շուրջ երեք շաբաթ գերությունից հետո վերադարձել են Թուրքիա։

12։10- Իրաքյան օդուժը հարվածներ է հասցրել Մոսուլից արևմտյան հատվածի Հարամատ շրջանում տեղակայված զինյալների դիրքերին։ Կրակ է արձակվել մի քանի տասնյակ ավտոմեքենայից կազմված շարասյան վրա, ինչի հետևանքով իսլամիստների շրջանում կան մեծ թվով զոհեր և վիրավորներ, ինչպես նաև շարքից դուրս է եկել մեծ թվով տեխնիկա։ Այնուամենայնիվ, Մոսուլը շարունակում է մնալ ԻԼԻՊ-ի և նրան հարող այլ խմբավորումների վերահսկողության տակ։

12։05- ԻԼԻՊ-ը կարողացել է գրավել սիրիական Աբու Քամալ քաղաքը, որը Իրաքի հարևանությամբ է։ ԻԼԻՊ-ը քաղաքը գրավելու համար մարտեր է վարել մեկ այլ իսլամիստական խմբավորման՝ «ալ Նուսրայի ճակատի» դեմ՝ կարողանալով վերջինիս դուրս մղել քաղաքից։ Ըստ տարածված տեղեկությունների՝ ԻԼԻՊ-ը հաջողության է հասել Իրաքից Աբու Քամալ տեղափոխված ծանր տեխնիկայի միջոցով։

12։00- Սաուդյան Արաբիայում որոշել են ուժեղացնել Իրաքի հետ սահմանի անվտանգությունը՝ կապված հարևան երկրում ԻԼԻՊ-ի ակտիվացման հետ։ Սաուդյան Արաբիան նախատեսում է շուրջ 30 հազար զինծառայող ուղարկել Իրաքի հետ սահմանը հսկելու համար՝ կանխելու ԻԼԻՊ-ի հնարավոր ներխուժումն արաբական թագավորության տարածք։ Թեև շատ է խոսվում, որ ԻԼԻՊ-ն աջակցություն է ստանում Սաուդյան Արաբիայից, սակայն վերջերս կազմակերպությունից սպառնալիքներ են հնչել նաև այս պետության հասցեին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *