ԱՄՆ-ն դիտորդական թռիչքներ է կատարում Ռուսաստանի և Բելառուսի տարածքում

Բաց երկնքի պայմանագրի ամերիկյան առաքելության ինքնաթիռը 2014-ի հունիսի 30-ից հուլիսի 4-ը դիտորդական թռիչքներ է կատարում Բելառուսի և Ռուսաստանի օդային տարածքում։ Ամերիկյան կողմը դիտորդական թռիչքի համար օգտագործելու է OՍ-135Բ ինքնաթիռը, որից էլ իրականացվելու է տեղանքի աերոնկարահանումը։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Ամերիկյան ՕՍ-135Բ դիտորդական ինքնաթիռ

Ամերիկյան ՕՍ-135Բ դիտորդական ինքնաթիռ

Թռիչքների վերաբերյալ լրագրողներին որոշ մանրամասներ է հայտնել ՌԴ միջուկային վտանգի նվազեցման ազգային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Զաբելլոն։

Նա տեղեկացրել է՝ ինքնաթիռը, որով ամերիկյան կողմը կատարելու է դիտորդական թռիչքը, անցել է միջազգային վկայագրում, որի ընթացքում մի շարք երկրների, այդ թվում նաև Ռուսաստանի մասնագետները համոզվել են, որ ինքնաթիռի վրա բացակայում են տեխնիկական որևէ միջոցներ, բացի նրանցից, որոնք անհրաժեշտ են դիտարկումն անցկացնելու համար։

Նկատենք, որ ուկրաինական ճգնաժամից ի վեր, բաց երկնքի պայմանագրի անդամ մի շարք երկրների կողմից նկատվում է Ռուսաստանի տարածքում դիտորդական թռիչքներ կատարելու ցանկության աճ։ Ավելի վաղ դա ուզում էր անել նաև Ուկրաինան, սակայն Ռուսաստանը թեպետ ֆորմալ առումով չմերժեց, այդուհանդերձ սահմանեց վճարման այնպիսի սեղմ ժամկետ, որի պատճառով Ուկրաինան տեխնիկապես չհասցրեց ու չկարողացավ կատարել դիտորդական այդ թռիքչը։

Հավելենք, որ Բաց երկնքի պայմանագիրն ընդունվել է 1992-ին, այն ստորագրել է 34 երկիր։ Պայմանագիրը ենթադրում է դիտորդական թռիչքներ միմյանց տարածքում՝ համապատասխան թույլտվություն ստանալու դեպքում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *