Սպառազինության պարզագույն տարրերի բացակայությունը, որն ի հայտ եկավ Ուկրաինայում այն բանից ի վեր, երբ երկրի ուժային կառույցները ներքաշվեցին մարտական գործուղությունների մեջ, կօգնի լրացնել նաև Լեհաստանն՝ ի դեմս Լեհական պաշտպանական հոլդինգի։ Վերջինիս հետ շուրջ 1.5 ամիս առաջ Ուկրաինան կնքել է զրահաբաճկոնների և սաղավարտների մատակարարման պայմանագիր, որի արժեքը, սակայն, հայտնի չէ։ Այս մասին հայտնում է լեհաստանյան Altair ռազմական լրատվակայքը։
Ըստ նախնական տեղեկությունների, Ուկրաինան պատվիրել է մի քանի հազար սաղավարտ ու KWM-02 տեսակի զրահաբաճկոններ, որոնցով, ըստ պաշտոնական տեղեկության, հոգալու են արտակարգ իրավիճակների պետական ծառայության կարիքները։
Նշենք, որ Ուկրաինան զրահաբաճկոնների մեծաքանակ պատվեր է տվել նաև տեղական ընկերություններին։ Ընդհանուր առմամբ 28 000 զրահաբաճկոններից արդեն պատրաստ են 14 000-ը, որոնք փոխանցել են երկրի հարավ-արևելյան շրջաններում իրականացվող հակաահաբեկչական գործողություններում ներգրավված զինծառայողներին ու մարտիկներին։
Պետք է հիշեցնել, որ այն բանից հետո, երբ լայն թափ ստացան բախումենրն ապստամբների և ուժայինների միջև, պարզ դարձավ, որ ի թիվս բազմաթիվ այլ բացթողումների, ուկրաինական բանակն ապահովված չէ նույնիսկ զինծառայողների անհատական պաշտպանության տարրական միջոցներով՝ զրահաբաճկոններով։ 2014-ի ապրիլ-մայիս ամիսներին, երբ մեկնարկեց ուկրաինական բանակի համար օգնություն հավաքելու գործընթացը, անհրաժեշտ պարագաների ցանկում պետությունը նշեց նաև զրահաբաճկոնները։
Զավեշտալին այն է, որ այս ֆոնի վրա, երբ կա արագ տեմպերով սպառազինվելու ու համալրվելու անհրաժեշտություն, հունիսի կեսերին Ուկրաինայի հակամենաշնորհային կոմիտեն արգելափակեց մատակարարումների գործընթացը։ Պատճառը ուկրաինական ընկերություններից մեկի բողոքն էր, որը պնդում էր, թե զրահաբաճկոնների պետական մեծաքանակ պատվերը կատարող ընկերություններին է տրվել կողմնակալությամբ։