Հնդկաստանի կառավարությունը որոշել է չեղյալ համարել ռազմական արտադրանք թողարկող արտասահմանյան ընկերությունների «սև ցուցակը» այն ժամանակ, մինչև երկրի կենտրոնական հետախուզական բյուրոն չապացուցի այդ ընկերությունների առնչությունը որևէ հանցանքի: Այս մասին հայտնում է Defense News պարբերականը:
Հնդկաստանի «սև ցուցակում» հայտնվել էին մի խումբ արտադրողներ, որոնք, հնդկական կողմի պնդմամբ, անօրինական ճանապարհներով փորձել էին հաղթել Հնդկաստանի հայտարարած սպառազինության գնման մրցույթներում: Այդ ընկերությունների մեջ Հնդկաստանը նշում էր համաշխարհային այնպիսի արտադրողների, ինչպիսիք են իսրայելական IMI (Israel Military Industries), գերմանական Rheinmetall Defence ու այլ ընկերություններ:
Վերջիններս մերժել էին այս մեղադրանքներն ու պնդում էին, որ անօրինական քայլերի չեն դիմել։ Սակայն արդյունքում Հնդկաստանն այս ընկերությունները մտցրել էր «սև ցուցակի» մեջ ու հրաժարվում էր նրանցից ռազմական նշանակության արտադրանք գնել։
Ներկայում կառավարության որոշմամբ Հնդկաստանը կշարունակի այդ ընկերությունների հետ համագործակցությունը ու կվերականգնի նրանց իրավունքները սպառազինության մատակարարման մրցույթներում, քանի դեռ Կենտրոնական հետախուզական բյուրոն չի ապացուցել այդ ընկերությունների մեղավորությունը: Միաժամանակ պայմանագրերի կատարումը վերականգնելու նպատակով Հնդկաստանի կառավարությունը պաշտպանության նախարարությունից խնդրել է տրամադրել կիսատ մնացած պայմանագրերի մասին տեղեկությունները:
Նշենք, որ համաշխարհային զենք արտադրող ընկերությունների վրա դրված արգելանքները վատ էին ազդել Հնդկաստանի զինված ուժերի մարտունակության վրա, Հնդկաստանը չէր կարողանում ձեռք բերել անհրաժեշտ քանակի արկեր, ինչպես նաև խնդիրներ ուներ ինքնագնաց հաուբիցների գնման հարցում:
Հիշեցնենք, որ Հնդկաստանն արդեն 5 անգամ 155 մմ/52 տրամաչափի հաուբիցների գնման մրցույթ է հայտարարել, սակայն առաջարկված տարբերակները չեն գոհացրել Հնդկաստանին, որովհետև մրցույթին դիմել են խիստ սահմանափակ թվով մասնակիցներ:
Ավելացնենք, որ իսրայելական IMI ընկերությունը 2009-ին հաղթել էր պաշտպանության նախարարության մրցույթը, որով պիտի արկերի արտադրության ցիկլ հիմներ Հնդկաստանում: Պայմանագրով նշված ծառայության համար ընկերությունը ստանալու էր 300 մլն ամերիկյան դոլար, սակայն մրցույթի ընթացքում ապօրինություններ ցույց տալու մեղադրանքով հայտնվել էր «սև ցուցակում», իսկ պայմանագրի կատարումը մնացել էր կիսատ:
Հնդկաստանի «սև ցուցակում» հայտնված մեկ այլ ընկերություն՝ Rheinmetall ընկերությունը, մասնակցում էր 155 մմ/52 տրամաչափի անվավոր ինքնագնաց մրցույթին ու հավակնում էր այն շահելուն: Սակայն ընկերությունը հայտնվել էր «սև ցուցակում», իսկ մրցույթը կասեցվել էր:
Pingback: Հնդկաստանը հեշտացնում է ռազմական նշանակության արտադրությունը արտասահմանյան ներդրումների համար | Ռազմ.info
Pingback: Հնդկաստանը «սև ցուցակից» հանել է հարավաֆրիկյան Denel ընկերությանը | Ռազմ.info
Pingback: Հնդկաստանը ստիպված է մեղմացնել ռազմարդյունաբերական ընկերությունների պատիժները | Ռազմ.info