Ղրիմում կայուն տեմպերով շարունակվում են ռուսաստանյան զինված ուժերի նորանոր ստորաբաժանումների տեղակայման աշխատանքները։ Այժմ արդեն հայտնի է, որ Սևծովյան նավատորմի կազմում ավարտվել է հրետանային գնդի կազմավորումը, որի առջև դրված առաջադրանքը առափնյա շրջանի պաշտպանությունն է։ Այս մասին հայտնում է ՌԴ հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հրետանային գնդի կազմում առկա է շուրջ 300 միավոր տեխնիկա, որոնց թվում՝ Քրիզանթեմ հակատանկային համալիրներ, 152 մմ-անոց Մստա հաուբիցներ և Տորնադո-Գ համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր։
Հրետանային նորաստեղծ գունդը կազմավորվել է համալրման խառը եղանակով՝ պայմանագրային և ժամկետային զինծառայողներից։ Զինվորական առավել պատասխանատու հաստիքներին նշանակվել են պայմանագրայիններն, ովքեր ավելի փորձառու են։ Անձնակազմի հմտությունները կատարելագործելու նպատակով օգոստոս ամսին գունդը կմասնակցի դաշտային վարժանքների, որոնց զգալի մասը կլինի գիշերային ժամերին։
Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտնի դարձավ նաև՝ Ղրիմում կազմավորվել է ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի առանձին գունդ։ Ուշագրավ է, որ վերջինս նույնպես օգոստոսին անցկացնելու է միամսյա վարժանքներ, ինչից կարելի է ենթադրել, որ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբն առաջիկայում մտադիր է անցկացնել խոշորածավալ վարժանքներ Ղրիմում՝ ներգրավելով դրանցում մի շարք զորատեսակների ստորաբաժանումներ։