Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանով աշխատանքային հանդիպում է ունեցել Նախիջևանի «առանձին համազորային բանակի» հրամանատարական կազմի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարության աշխատակիցները։
Ինչպես հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում վերլուծել և քննարկել են «առանձին համազորային բանակում» կարգապահության խախտման դեպքերը և մասնավորապես անձնակազմի բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի բարձրացմանն ուղղված քայլերը։ Բացի այդ, հանձնարարականներ են պատրաստվել, որոնք նպատակ ունեն մի շարք բարձրաստիճան զինվորականների դիրքերն ամրապնդել Նախիջևանի բանակում։
Ըստ աղբյուրի՝ հանդիպմանը քննարկվելիք հարցերի շարքում է եղել նաև հակառակորդի «սադրիչ գործողությունները կանխելու, տարածքային ամբողջականության պահպանման» հարցերը։
Նկատենք, որ «առանձին համազորային բանակի» անձնակազմի հետ սա առաջին հանդիպումն է հունիսի սկզբին հայկական զինուժի կողմից Նախիջևանի հետ սահմանին գերիշխող դիրքեր զբաղեցնելու փաստը վկայող լուսանկարների տարածումից հետո։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը սկզբում հերքել էր տեղեկությունը, սակայն օրեր անց Զաքիր Հասանովն ադրբեջանական «ԱՆՍ» գործակալությանը հարցազրույցում լույս սփռեց 2014-ի հունիսին Նախիջևանի սահմանին իրադարձությունների վրա՝ հաստատելով, որ հայկական զինված ուժերի ստորաբաժանումներն իսկապես նոր դիրքեր են զբաղեցրել։
Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. հունիսի 29-հուլիսի 5 | Ռազմ.info