Իրադրությունն Ուկրաինայում. թարմացվող լրահոս. հուլիսի 2

Ուկրաինայի հարավ-արևելքում հունիսի 20-ին հայտարարված և մինչ հունիսի 30-ը տևած և բազմիցս խախտված հրադադարից հետո նոր թափով շարունակվում են մարտերը։

Ծավալվող իրադարձություններին օպերատիվ հետևելու համար Ռազմինֆոն առաջարկում է թարմացվող լրահոսը։

Ուժայինների կողմից հսկվող անցակետ. արևելյան Ուկրաինա

Ուժայինների կողմից հսկվող անցակետ. արևելյան Ուկրաինա

21:40-Իրավիճակը Սլավյանսկ քաղաքում, որը համարվում է ապստամբների միջնաբերդը Դոնեցկի շրջանում, շարունակում է մնալ լարված։ Ուժայինները վարում են ականանետային կրակ, միաժամանակ սեղմելով շրջափակման օղակը քաղաքի շուրջ։ Այն, որ Սլավյանկը շրջափակման մեջ է հայտնվել, հաստատել է նաև ապստամբ ուժերի հրամանատար Իգոր Ստրելկովը։

19։20-Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի՝ հարավ-արևելքում հակամարտության խաղաղ կարգավորման հարցով հանձնակատար Իրինա Գերաշենկոն պարզաբանել է, թե ինչու նախագահը Դոնեցկում և Լուգանսկում չի սահմանում ռազմական դրություն։ Պատճառն արևմտյան գործընկերների հորդորներն են զերծ մնալ այդ քայլից, ինչպես նաև այն, որ սահմանադրությունը բացառում է ռազմական դրության պայմաններում անցկացնել ընտրություններ՝ այդ թվում նաև տեղական ինքնակառավարման մարմինների։ Իսկ Պորոշենկոյի 15 կետանոց ծրագիրն, ինչպես հայտնի է, ներառում է նաև արտահերթ խորհրդարանական ընտրության անցկացում։

18։45-Դոնեցկի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Իգոր Ստրելկովը տեղեկացրել է, որ ուժայինները շրջափակել են Սլավյանսկն ու աստիճանաբար փոքրացնում են օղակը։ Նա հավելել է, որ ուժայինների վերահսկողոթւյան տակ է հայտնվել նաև Նիկոլաևկա բնակավայրը, որը Սլավյանսկն արտաքին աշխարհին կապող վերջին ուղին էր։

17։50-Դոնեցկում շրջանային ադմինիստրացիան տեղեկացրել է, որ ուժայինները կրակ են բացել Սլավյանսկը լքող ավտոբուսի ուղղությամբ, որի մեջ եղել են քաղաքացիականներ։ Միջադեպի արդյունքում զոհվել է 2 խաղաղ բնակիչ։

17:10-Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը տեղեկացրել է, որ հարավ-արևելքում հակաահաբեկչական գործողության մեկնարկից ի վեր զոհվել է շուրջ 200 ուժային, ևս 600-ը վիրավորվել են։

16։30-Դոնեցկի շրջանային ադմինիստրացիայից ուկրաինական «Ունիան» գործակալությանը հայտնել են, որ Ուկրաինայի ՌՕՈւ մարտական ինքնաթիռն ընկել է Դոնեցկում։ Այլ մանրամասներ, ինչպես նաև, թե ինչ տեսակի ինքնաթիռը ընկել, այս պահին հայտնի չեն։

14։05- Ուկրաինական կողմը հաստատել է, որ չորեքշաբթի օրն ապստամբները կրակ են բացել Ուկրաինայի ՌՕՈւ Սու-24 ռմբակոծիչի վրա։ Ապստամբները դյուրակիր զենիթահրթիռային համալիրից 4 անգամ կրակել են ինքնաթիռի ուղղությամբ, 1 անգամ հաջողվել է խոցել թիրախը, սակայն ինքնաթիռը վայր չի ընկել։ Օդաչուն կարողացել է այն հաջող վայր իջեցնել։

14։00- Դոնեցկում ուկրաինական ավիացիան թռիչքներ է կատարել՝ հարվածներ հասցնելով ապստամբների դիրքերին։ Հնարավոր կորուստների մասին տեղեկություն չի հաղորդվում։

11։15- Դոնեցկի մերձակայքում գիշերային ժամերին կրակահերթերի ձայներ են լսվել։ Ընդհանուր առմամբ, գիշերը հանգիստ է եղել։

11։10- Ռուսաստանի տարածքում Ուկրաինայի 18 հազար քաղաքացի է ապաստան գտել։

11։00- Ռուսաստանյան «Առաջին ալիքի»՝ Ուկրաինայում զոհված օպերատոր Անատոլի Կյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով հետմահու Արիության մեդալի է արժանացել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *