Ճապոնիայի պատմական քայլը. բանակն իրավունք է ստանում արտերկրում կռվելու

Ճապոնիայի կառավարությունը՝ վարչապետ Սինդզո Աբեի գլխավորությամբ, ընդունել է բանաձև, որի համաձայն Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո առաջին անգամ երկրի զինված ուժերն իրավունք են ստանում մասնակցելու Ճապոնիայի սահմաններից դուրս ընթացող գործողություններին։

Ճապոնիայի ԶՈւ զինծառայողներ

Ճապոնիայի ԶՈւ զինծառայողներ

Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը, Ճապոնիայի Սահմանադրության կետերում փոփոխություններ են արվելու։ Այսուհետ, Ճապոնիայի ինքնապաշտպանական ուժերի ներկայացուցիչներն իրավասու են հավաքական անվտանգության ապահովման շրջանակներում բարեկամական երկրներում գործողություններ իրականացնել, եթե անգամ Ճապոնիային այդ պահին վտանգ չի սպառնում։

Այդուհանդերձ, զինծառայողները կարող են արտերկրում մասնակցել միայն այն հակամարտություններին, որոնց այս կամ այն հանգուցալուծումը կարող է վնասել Ճապոնիայի տարածքային ամբողջականությանը և ոտնահարել Ճապոնիայի քաղաքացիների իրավունքները։

Հիշեցնենք, որ վերջին մի քանի տարիների ընթացքում Ճապոնիայում շարունակվում են Սահմանադրության կետերը փոփոխելուն դեմ ուղղված բողոքի ցույցերը։ Այսպես, 2014-ի հունիսի 29-ին Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյի կենտրոնում տարեց մի տղամարդ ինքնահրկիզում էր կատարել՝ բողոքելով Աբեի կառավարության վարած քաղաքականության դեմ, ինչը, ըստ նրա, կտանի երկիրը դեպի այս կամ այն հակամարտության մասնակցությանը։

Նշենք, որ ավելի վաղ ճապոնական զինուժի ներկայացուցիչները ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի կազմում մասնակցում էին միայն արտերկրյա խաղաղապահ առաքելություններին։  Տոկիոն 2004-ին Իրաք էր ուղարկել իր զինծառայողներին։ Այնտեղ վերջիններս զբաղվում էին թիկունքի ապահովման և ինժեներական աշխատանքներով՝ կառուցելով ճանապարհներ, շինություններ, մարդասիրական օգնություն բաժանելով։ Նրանց արգելված էր մասնակցել մարտական գործողություններին։ Մերձավոր Արևելքում Ճապոնիայի զինուժը կորուստներ չունեցավ, ըստ պաշտոնական տվյալների՝ անգամ «մեկ կրակոց չարձակեց»։ Այնուհանդերձ, 2006-ին Կոիձումիի կառավարությունը հարկադրված էր Իրաքից դուրս բերել զինծառայողներին հասարակական ճնշման ներքո։

Հիշեցնենք, որ Ճապոնիայի կառավարությունը 2014-ի ապրիլի 1-ին պաշտոնապես չեղյալ էր հայտարարել 1967-ից գործող, ռազմական արտադրանքի արտահանումը սահմանափակող կանոնները՝ փոխարենն ընդունելով սպառազինության արտահանումը կարգավորող նոր օրենք։

Այն արգելում էր Ճապոնիան զենք-զինամթերք վաճառել այն երկրներին, որտեղ փաստացի մարտական գործողություններ են ընթանում, ինչպես և պետություններին, որոնք «տեսականորեն կարող են ամբողջ աշխարհում տիրող խաղաղության մթնոլորտը խախտել»։ Այնուհանդերձ, նոր օրենքը ենթադրում է ճապոնական սպառազինության տրամադրման թույլտվություն այն երկրներին, որոնց շնորհիվ էլ «ապահովված է Ճապոնիայի ազգային ու միջազգային անվտանգությունը»։

Ստացվում է՝ Տոկիոն մտադիր է զենք վաճառել կարևոր ծովային ճանապարհներին ջրային տարածքներ ունեցող երկրներին՝ այդպիսով աջակցություն ստանալով նաև ծովահենների դեմ պայքարում։ Բացի այդ, հնարավոր է դառնում սպառազինություն մատակարարել Ինդոնեզիային ու Ֆիլիպիններին։

Հավելենք, որ 2013-ի նոյեմբերի 27-ին Ճապոնիայի խորհրդարանն ընդունել էր օրինագիծ, ըստ որի՝ երկրում ստեղծվելու է ազգային անվտանգության խորհուրդ, վարչապետն էլ ավելի լայն հնարավորություն է ստանում ռազմական-պաշտպանական քաղաքականության բնագավառում։

2013-ի հունիսին Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո առաջին անգամ Ճապոնիայի ինքնապաշտպանական ուժերը պաշտոնապես ստացան բանակի կարգավիճակ:

1947-ից գործող և փաստացի Միացյալ Նահանգների կողմից պարտադրած Ճապոնիայի Սահմանադրությունն արգելում է բանակ ունենալ և կիրառել զինված ուժը՝ որպես միջազգային հակամարտությունների լուծման միջոց, ուստի 1954-ին ստեղծվել են ինքնապաշտպանության ուժերը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *