Լավ կլիներ` հասարակության վերաբերմունքը փոխվեր. Ռազմինֆոյի զրույցը զինծառայողի հետ

Ռազմինֆոն հաճախակի զրուցում է զինված ուժերում ծառայած կամ ծառայող երիտասարդների հետ և փորձում ներկայացնել բանակը նրանց աչքերով։ Այս անգամ զրուցել ենք պաշտպանության նախարարության զորամասերից մեկի զինծառայող, կրտսեր սերժանտ Հրաչյա Մխիթարյանի հետ։

Հրաչ Մխիթարյան

Հրաչ Մխիթարյանը

Հրաչյան ավարտել է ԵՊՀ  Արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության բաժինը։ 

—Մինչև բանակ գնալն անհանգստանո՞ւմ էիք։

Իհա´րկե ոչ։ Ես հնարավորություն ունեի նաև մագիստրատուրայում ուսումս շարունակելու, բայց նախընտրեցի ծառայելը։ Զորացրվելուց հետո ուսումս կշարունակեմ։ Իսկ անհանգստանալու պատճառ կարող էր լինել միայն այն, որ նոր միջավայր էի գնում, տեղյակ չէի շատ բաների մասին։ Բայց, այնուամենայնիվ, անհանգստություն մեջս չկար։

—Բանակային առաջին օրվա մասին կպատմե՞ք։

Հմմ.. Առաջին օրը շատ լարված անցավ… նախ ասեմ՝ գիշերը ուշ հասանք զորամաս։ Առաջին մարդը, ում տեսա զորամասում` համալսարանական ընկերս էր։ Դա ինձ շատ ուրախացրեց։ Առավոտյան զարթնեցինք, ամեն ինչ շատ տարօրինակ էր։ Անծանոթ դեմքեր, ամեն բան անծանոթ ։

—Հրաչ, ծառայության մասին բոլորն էլ նախապես փորձում են հնարավորինս շատ բան իմանալ, Դուք ի՞նչ փնտրտուքների մեջ էիք, ինչն էր ամենաշատը Ձեզ հետաքրքրում։

Չեմ հետաքրքրվել այդպիսի հարցերով… անկեղծ, չի հետաքրքրել ոչ մի նման բան:

—Երբ զգացիք, որ արդեն զինծառայող եք, հենց առաջի՞ն օրը, թե օրինակ՝ համազգեստ հագնելուց հետո: 

Երևի թե համազգեստ հագնելուց հետո կամ էլ երբ հարազատներս ինձ տեսան զինվորական համազգեստով։

—Ի՞նչ կատարվեց։

Երբ հարազատներս ինձ տեսան, մեջս հպարտություն ծնվեց։ Ավելի լավ չեմ կարողանում բացատրել՝ երջանկություն էր, որ ընտանիքս կարող է հպարտանալ ինձնով։

—Իսկ Ձեր պատկերացրած ծառայությունն ու իրական ծառայությունը համընկա՞ն։

Այդքան էլ չէ։ Կարելի է ասել՝ ընդհանրապես չէ։ Իմ պատկերացումները շատ ավելի ռոմանտիկի պատկերացումներ էին։

—Մեծ տարիքում բանակ գնալն ի՞նչ ազդեցություն ունեցավ։

Դժվարություն կար մտածելակերպի տարբերության հետ։ Չնայած առավելություն էլ կար։ Կյանքի փորձը թույլ էր տալիս շատ հարցերի առավել լավ դիրքերից նայել։

—Երբ որ առաջին անգամ դիրքեր գնացիք , ինչպե՞ս անցավ, ի՞նչ էիք զգում։

Առաջին անգամ զգացմունքներս խառնվել էին իրար։ Ե´վ հպարտություն, և´ անտեղյակություն, ինչ որ չափով վախ։ Բայց հաղթահարում էր հպարտությունը։

—Այս օրը հրադադարի ռեժիմը խախտվե՞ց։

Մի քանի կրակոցներ լսվեցին, բայց ողջ ընթացքում լուրջ խախտում չեղավ։

—Կրակոցի ձայնից անհանգստացա՞ք։

Չէ´, սխալ կլինի ասել, որ անհանգստացա, հետաքրքրեց ավելի շատ։

—Հետաքրքրեց ու որոշեցիք բանաստեղծությո՞ւն գրել։

Բանաստեղծություն գրելու համար նպաստեց եղանակը, գեղեցիկ բնապատկերը ու ընդհանրապես դիրքերում անցկացրած ամեն օրը, ամեն րոպես։

Լուռ կանգնած եմ խրամատում
Շուրջս սար ու ձորեր բազում
Հայրենիքս եմ ես պաշտպանում
Հպարտությամբ, սերն իմ սրտում:

Ոչ գիշերն է ինձ հոգնեցնում
Ոչ էլ ամպրոպն է ինձ շեղում
Տղերքի հետ մեր դասակի
Ես կռվում եմ ընդդեմ վախի:

Առաջադրանք ունեմ հստակ
Լինել բարի ու քաջ զավակ
Չերկնչել ոչ մի բանից
Հանել վախը մեր սրտերից:

Անհաղթ է միշտ մեր բանակը
Քանի դեռ կա հայ զավակը
Որ սահմանում, զենքը ձեռքին
Ծառայում է մեր սուրբ երկրին…

—Բանակի մասին շատ բաներ են գրում, որ իբր բանակը զինծառայողներից 2 տարի է խլում, որ զինծառայողն անպաշտպան է և այլն։ Ի՞նչ կասեք այդ առումով։

Համաձայն չեմ։ Երկու տարին չի կարելի ասել, որ խլում է։ Երկու տարին շատ բան է տալիս։ Զորացրվելուց հետո շատերը սովորում են արդեն մարդկանց հետ շփվելու ձևեր։ Բացի այդ, լավ ընկերներ ես գտնում, որ ողջ կյանքի համար են։

—Հրա´չ, ի՞նչ կուզենայիք փոխվեր բանակում։

Շատ բաներ կան, բայց հիմա չեմ կարողանում հստակ ասել։ Երևի ամենաառաջինը հասարակության վերաբերմունքը լավ կլիներ փոխվեր։ Կցանկանայի բանակից խուսափելու ցանկությունը վերանար մեր տղաների միջից։ Բանակն այս պահի դրությամբ շատ դրական փոփոխությունների ճանապարհին է։ Եթե այսպես շարունակվի, ամեն ինչ լավ կլինի։

—Հրա´չ, ծառայությունն ավարտելուց հետո ի՞նչ եք անելու։

Կշարունակեմ ուսումս, աշխատանքի կտեղավորվեմ, ընտանիք կկազմեմ։ Սրանք են առաջնային գործերը, որ պիտի անեմ զորացրվելուց հետո։

Զրուցեց՝ Հասմիկ Մելիքսեթյանը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *