Կանադան ստացավ վերջին CH-47F Chinook ուղղաթիռը

Կանադայի արքայական օդային ուժերը ստացավ ամերիկյան Boeing (Բոինգ) ընկերության հետ կնքած պայմանագրով նախատեսված 15 միավոր CH-47F Chinook (Չինուք) բեռնատար ուղղաթիռներից վերջինը:

Կանադական զինված ուժերում 15-րդ ուղղաթիռը սպառազինության ըտնդունվեց CF-147F նիշով ու ինչպես նախորդները, փոխանցվեց Հյուսիսային Օնտարիոյի Փեթավավա շրջանում գտնվող մարտավարական ուղղաթիռների ռազմաբազային։ Այս մասին հայտնում է «Ջեյնս» ռազմական հանդեսը:

Նշենք, որ Կանադայի զինված ուժերը դեռևս 2009-ին ուղղաթիռների մատակարարման վերաբերյալ պայմանագիր էր կնքել ամերիկյան Բոինգ ընկերության հետ: Պայմանագրով նախատեսված էր, որ ամերիկյան արտադրողը Կանադայի ռազմաօդային ուժերին առաջին 7 միավոր CH-47F Chinook բեռնատար ուղղաթիռները հանձնելու էր 2013-ին, իսկ մնացած 8 միավոր ուղղաթիռները՝ 2014-ի առաջին կեսին:

Չինուք CH-47

Չինուք CH-47

Կանադային տրամադրվող բեռնատար ուղղաթիռները արդիականացվել էին, ավելացվել էին դրանց վառելիքի պաշարները, ինչի արդյունքում երկարացվել էր դրանց թռիչքի առավելագույն հեռավորությունը: Ուղղաթիռների վրա տեղադրվել էին կրակի կառավարման թվային միջոցներ և այլն:

CH-47 ծանր բեռնատար ուղղաթիռների սերիայի առաջին ուղղաթիռները սկսել են թռիչքներ կատարել 60-ականների սկզբին։ Հետագա տարիներին Chinook-ը ենթարկվել է մշտական կատարելագործումների և արդիականացման։ CH-47F Chinook ուղղաթիռը ներկայացվել է 2006 թվականին։

Ներկայում աշխարհում տարբեր պետությունների սպառազինության մեջ է գտնվում է CH-47 տեսակի 800-ից ավել ուղղաթիռ, որից 528 միավորը բաժին է հասնում ԱՄՆ-ին։ Ուղղաթիռի մոտավոր գինը շուրջ 38,5 մլն ամերիկյան դոլար է:

Ավելի վաղ նշվում էր Chinook-ի նկատմամբ Թուրքիայի և ԱՄԷ-ի հետաքրքրության մասին։

Մյուս շահագործողներն են Մեծ Բրիտանիան, Վիետնամը, Հունաստանը, Իրանը, Ճապոնիան, Հնդկաստանը: Ուղղաթիռի անձնակազմը 2-3 հոգի է, տեղափոխվող անձնակազմի քանակը՝ 33-ից 55 հոգի: Անձնակազմի փոխարեն այն կարող է տեղափոխել մինչև 12,7 տոննա զանգվածով բեռներ: Ուղղաիթիռի երկարությունը՝ 30,14 մ, բարձրությունը՝ 5,5 մ, առավելագույն թռիչքային զանգվածը՝ 24494 կգ, առավելագույն արագությունը՝ 285 կմ/ժ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *