Մալիում ՄԱԿ-ի խաղաղապահների ավտոմեքենա են պայթեցրել. կա զոհ

Աֆրիկայի արևմտյան հատվածում գտնվող Մալի պետությունում, որտեղ խաղաղապահ առաքելություն են իրականացնում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը, պաթեցվել է խաղաղապահների՝ պարեկություն կատարող ավտոմեքենան: Այս մասին հայտնում է Մալիի խաղաղապահ առաքելության թվիթերյան միկրոբլոգը:

Պայթյունի պատճառով զինծառայողներից մեկը զոհվել է, մեքենայում գտնվող ևս 6 զինծառայողներ վիրավորվել են: Վիրավորներից 3-ի վիճակը ծանր է: Խաղաղապահների մեքենան պայթեցրել են երկրի կենտրոնական մասում գտնվող Գոունդամ քաղաքի մոտակայքում՝ ճանապարհին տեղադրված պայթուցիկ նյութի միջոցով:

Սա, ըստ բրիտանական «Ռոյթերս» գործակալության, առաջին լուրջ միջադեպն է անցյալ տարվանից, երբ Ֆրանսիայի զինված ուժերի՝ Մալիում գտնվող ստորաբաժանումները կարողացել էին Մալիի հյուսիս մաքրել ալ-Կաիդայի հետ կապ ունեցող ահաբեկիչներից, իսկ ՄԱԿ-ի խաղաղապահները վերահսկում էին տարածքը:

Գոունդամ քաղաքը Մալիի կենտրոնական մասում է: Քաղաքի մերձակայքում է պայթեցվել ՄԱԿ-ի խաղաղապահների մեքենան:

Գոունդամ քաղաքը Մալիի կենտրոնական մասում է: Քաղաքի մերձակայքում է պայթեցվել ՄԱԿ-ի խաղաղապահների մեքենան:

Չնայած դրան՝ ահաբեկիչները 2014-ի ընթացքում պարբերաբար հարձակվել են ինչպես խաղաղապահների, այնպես էլ Ֆրանսիայի ու Մալիի զինված ուժերի ստորաբաժանումների վրա: Հարձակումների պատճառով 2014-ի ընթացքում Մալիի ԶՈւ-ն արդեն կորցրել է մոտ 50 զինծառայող: Այդ պատճառով Մալին վերջերս ՄԱԿ-ին խնդրել էր ուղարկել ևս շուրջ 12 հազար խաղաղապահներից բաղկացած միավորում:

Հավելենք նաև, որ մայիսի 17-ին Մալիի պաշտպանության նախարար Սումեյլի Բուբեյեյե Մայհան հայտարարել էր, որ երկրի հյուսիսարևելյան Քիդալ նահանգում ԶՈւ ստորաբաժանումները մարտի են բռնվել զինված տուարեգների հետ։

Վերջիններս աջակցություն են ցուցաբերել տեղի ահաբեկչական խմբավորումները։ Բախումների հետևանքով ԶՈւ-ն կորցրել է 28 ոստիկանի, 8 զինծառայողի, ևս 62-ը վիրավորվել են։ 24 զինծառայողներ, ինչպես նաև 4 քաղաքացիական անձ պատանդ են վերցվել։ Ապստամբների շարքերում զոհերի ու վիրավորների թվաքանակի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

Տուարեգների նպատակն է զինված պայքարի միջոցով երկրի հյուսիսային շրջաններն անկախացնել կենտրոնական իշխանություններից կամ էլ հասնել լայն իրավունքներով ինքնավարության։

Մալիի իշխանությունները, սակայն, բազմիցս հայտարարել են, որ չեն հանդուրժելու որևէ այլ տարբերակ, Քիդալը Մալիի անբաժանելի մի մասն է, և ոչ մի դեպքում «2 Մալի պետություն չի լինելու»։

Փորձագետների կարծիքով՝ վերոհիշյալ բախումները, որոնք հետևեցին ժամանակավոր ու տևական լռությանը, կարող են շատ ավելի մեծ ծավալներ ընդունել առաջիկայում՝ այդպիսով խախտելով 2013-ի հունիսին հյուսիսի տուարեգների և իշխանությունների միջև կնքված խաղաղության համաձայնագիրը:

One response to “Մալիում ՄԱԿ-ի խաղաղապահների ավտոմեքենա են պայթեցրել. կա զոհ

  1. Pingback: Թուրքիան խաղաղապահներ կուղարկի Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն և Մալի | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *