Լեհաստանը գնում է Rosomak զրահափոխադրիչների ինժեներական տարբերակը

Լեհաստանի զինված ուժերը պատվիրել է սեփական երկրում արտադրվող 8×8 անիվային ընթացամասով Rosomak զրահափոխադրիչների ինժեներական Rosomak-WRT մեքենաներից 34 միավոր, ինչի մասին հայտնում է «Ջեյնս» ռազմական հանդեսը:

Շուրջ 77 մլն ամերիկյան դոլարի դիմաց պատվերն ընդունող լեհաստանյան WZM Siemianowice Slaskie ընկերությունը զինված ուժերին է տրամադրելու 1 միավոր Rosomak-WRT ինժեներական մեքենա՝ փորձարկումների համար, իսկ փորձարկումների ժամանակ հայտնաբերված թերությունները վերացնելուց հետո՝ ևս 33 մեքենա:

Rosomak զրահափոխադրիչի վրա նախագծված Rosomak-WRT ինժեներական մեքենա

Rosomak զրահափոխադրիչի վրա նախագծված Rosomak-WRT ինժեներական մեքենա

Նշենք, որ ինժեներական մեքենան նախագծվում է Լեհաստանում արտադրվող Rosomak զրահափոխադրիչի հիման վրա, որն էլ ֆինլանդական Patria ընկերության Patria AMVմոդուլային զրահափոխադրիչի արտոնագրով արտադրվող տարբերակն է:

Rosomak-WRT մեքենայի վրա լեհաստանյան զինված ուժերի պահանջով տեղադրված է լինելու մինչև 1 տոննա ամբարձիչ ուժով կռունկ, տեխնիկական սպասարկման սարքավորումներ, երկու գեներատորներ, որոնք ծառայելու են որպես լույսի աղբյուր, որպեսզի մեքենայի անձնակազմը կարողանա նորոգման աշխատանքներ իրականացնել նաև գիշերային ժամերին: Մեքենան պիտի ունենա նաև սեփական վրանը, իսկ նրա անձնակազմը լինելու է 4-ից 5 հոգի՝ հրամանատարը, վարորդը, երկու մեխանիկներ ու բուժակ (անհրաժեշտության դեպքում):

Հետագայում նախատեսվում է Rosomak զրահափոխադրիչի հիմքի վրա ստեղծել ու զինված ուժերին հանձնել նաև 4 տոննա ամբարձիչ ուժով կռունկով «զինված» ևս մեկ ինժեներական մեքենա:

8×8 ընթացամասով բազային Rosomak (Patria AMV XC-360P) զրահափոխադրիչը կարող է տեղափոխել 8 զինծառայողի։ Անձնակազմի քանակը 3 մարդ է` հրամանատարը, վարորդը, հրաձիգը։

Առավելագույն արագությունը շուրջ 100 կմ/ժ է, առանց լիցքավորման կարող է անցնել մոտ 800 կմ հեռավորություն, շարժիչը դիզելային է՝ 480 կամ 543 ձիաուժանոց։ Զինված է 30 մմ թնդանոթով, 12,7 մմ  և 7,62 մմ գնդացիրներով։

Լեհական Wojskowe Zaklady Mechaniczne Siemianowice (Վոյսկովե Զակլադ Մեխանիչնե Շիմիենավիցե) ընկերությունը այս մեքենաները Patria-ի արտոնագրով արտադրում է 2003-ից։ 10 տարվա ընթացքում ընկերությունը Լեհաստանի զինված ուժերի համար արտադրել ու տրամադրել է 570 միավոր Rosomak զրահափոխադրիչներ։

Patria-ի ու WZMS-ի միջև կնքված առաջին պայմանագրով լեհական ընկերությունը զրահամեքենաները կարող էր արտադրել միայն Լեհաստանի զինված ուժերի համար։ Ընթացիկ տարվա հուլիսին կնքվեց նոր պայմանագիր, որով լեհական ընկերությունը կարող է մեքենաներն արտադրել արտահանման նպատակով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *