Ռուսաստանը շարունակում է ստորաբաժանումների ընդլայնումն ու ռազմական ներկայության մեծացումը Ղրիմի թերակղզում։ Այդ ուղղությամբ տարվող աշխատանքների շրջանակներում Սևաստոպոլում ստեղծվել է ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության առանձին գունդ։ Այս մասին հայտնում է ՌԴ զինված ուժերի հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
Նորաստեղծ գնդի անձնակազմը ձևավորվել է համալրման խառը եղանակով՝ ներառելով ինչպես ժամկետային, այնպես էլ պայմանագրային զինծառայողներ։
ՌԴ Սևծովյան նավատորմի կազմի մեջ մտնող այս գունդն ունակ է ամբողջական ծավալով իրականացնել Ղրիմում տեղակայված ռուսաստանյան զորամիավորումների ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանությունը։ Գնդի կազմում առկա է շուրջ 200 միավոր ավտոմոբիլային հատուկ տեխնիկա, որոնց թվում է նաև ՌԽՄ-4-01 (ռուս.՝ РХМ-4-01) մեքենան՝ ԲՏՌ-80 զրահափոխադրիչի հիման վրա։
Արդեն ընթացիկ տարվա օգոստոսին նախատեսվում է Ղրիմում անցկացնել միամսյա դաշտային պարապմունք, որի ընթացքում գնդի ստորաբաժանումները կիրականացնեն ինչպես ռադիացիոն վարակի պայմանական օջախների չեզոքացում, այնպես էլ ցամաքային ստորաբաժանումների ու ռազմական օբյեկտների ծխաքողարկում։
Հիշեցնենք, որ Ղրիմի թերակղզին մտավ Ռուսաստանի կազմի մեջ 2014-ի մարտի 16-ին անցկացված հանրաքվեի արդյունքում։ Դրան նախորդել էր ռուսաստանյան զինուժի ստորաբաժանումների տեղակայումը թերակզղու՝ ռազմական և ռազմավարական նշանակության օբյեկտների հարևանությամբ, ինչով էլ հաստատվեց Ռուսաստանի փաստացի վերահսկողությունը ողջ թերակղզու նկատմամբ։
Pingback: Ղրիմում Սևծովյան նավատորմի կազմում ստեղծվել է հրետանային գունդ | Ռազմ.info