«Միստրալների» ռուսաստանյան անձնակազմերը վերջապես Ֆրանսիայում են

Հունիսի 30-ի առավոտյան ՌԴ ԶՈւ շուրջ 400 զինծառայողներ ռուսաստանյան «Սմոլնի» ուսումնական նավով հասել են Ֆրանսիա, որտեղ առաջիկա ամիսներին վարժանքներ կանեն ՌԴ ԶՈւ համար կառուցված «Միստրալ» դասի առաջին ուղղաթիռակիր նավի՝ «Վլադիվոստոկի» վրա: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:

Նախատեսված է, որ ռուսաստանցի նավաստիների 400 հոգանոց խմբից շուրջ 160-170-ը կդառնան առաջին ռազմանավի անձնակազմը, ու 2014-ի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին հենց նրանք Ռուսաստան կհասցնեն ՌԴ զինված ուժերի առաջին ուղղաթիռակիր նավը:

Միստրալ դասի «Վլադիվոստոկ» ուղղաթիռակիրը

Միստրալ դասի «Վլադիվոստոկ» ուղղաթիռակիրը

Սակայն ինչպես հայտնի դարձավ օրեր առաջ, Ռուսաստանին տրվող ուղղաթիռկաիր նավերի վրա հավանաբար չեն լինի ֆրանսիական արտադրության բոլոր սարքավորումները: Պատճառն այն է, որ Ֆրանսիայի ու Ռուսաստանի կնքած պայմանագիրը նախատեսում է, որ Ռուսաստանին փոխանցվող «Միստրալների» վրա ֆրանսիական արտադրության կապի ու այլ հատուկ միջոցներ ու սարքավորումներ կտեղադրվեն այն դեպքում, երբ Ռուսաստանը գնի կամ սեփական տարածքում ֆրանսիացի մասնագետների օգնությամբ արտադրի օպցիոնով նախատեսված ևս երկու ուղղաթիռակիր նավ: Սակայն դա քիչ հավանական է:

Հայտնի է, սակայն, որ ռազմանավերի վրա տեղադրվելու է նաև ֆրանսիական սպառազինություն, մասնավորապես նավերի վրա տեղադրվելու են

  • երկու միավոր Breda-Mauser 30 մմ ավտոմատ թնդանոթներ (մարտական լրակազմը՝ 800 արկ, հեռահարությունը՝ 3000 մ),
  • 4 միավոր M2-HB Browning 12,7 մմ գնդացիրներ (մարտական լրակազմը՝ 600 փամփուշտ, հեռահարությունը՝ 1830 մ),
  • Simbad զենիթահրթիռային համալիրի 2 միավոր զույգված արձակման կայաններ (հեռահարությունը՝ 6000 մ):

Ֆրանսիական սպառազինությունից բացի ռազմանավերի վրա կտեղադրվի նաև ռուսաստանյան արտադրության «Պոզիտիվ-ՄԷ1» («Позитив-МЭ1») ռադիոտեղորոշման կայան (մինչև 50 օդային թիրախ հայտնաբերելու ու ուղեկցելու հնարավորությամբ), ինչպես նաև սպառազինություն: Այսպես, նավերի վրա կտեղադրվեն՝

  • երկու միավոր «Պալմա» («Пальма») զենիթային հրթիռահրետանային համալիրներ (հեռահարությունը՝ 16 000 մ),
  • մեկ միավոր Ա-220Մ 57 մմ հրետանային կայան (մարտական լրակազմը՝ 300 արկ, հեռահարությունը՝ 12 000 մ),
  • մեկ միավոր ԱԿ-630Մ վեցփողանի 30 մմ հրետանային կայան (մարտական լրակազմը՝ 5000 արկ, հեռահարությունը՝ 8000 մ),
  • երկու միավոր «Գիբկա» («Гибка») մարտական հանգույցներ «Իգլա» հրթիռներով (հեռահարությունը՝ 6000 մ):

Նման սպառազինության պարագայում Ռուսաստանին հանձնվելիք «Միստրալ» տիպի ուղղաթիռակիր նավը կկարողանա խոցել ինքնաթիռները 16 կմ հեռավորության վրա, փոքր նավերը՝ 12 կմ, մեծ նավերը՝ 8 կմ, հրթիռները՝ 6 կմ հեռավորության վրա:

Միաժամանակ ռազմանավերը տախտակամածի վրա կարող են ընդունել ուղղաթիռներ, դեսանտ իջեցնել, կիրառվել որպես զորքերի կառավարման կենտրոն, ինչպես նաև օգտագործվել որպես շարժական հոսպիտալ։ Դրանք կարող են տեղափոխել մինչև 16 ուղղաթիռ ու 40 տանկ։ Միստրալ տիպի ուղղաթիռակիր նավի գինը մոտավոր 620 մլն ամերիկյան դոլար է:

Հայտնի է նաև, որ ներկայում ռուսաստանյան կողմը լուծում է «Միստրալների»՝ ուղղաթիռներով ապահովելու խնդիրները: Արդեն հայտնի է, որ ուղղաթիռակիր նավերի համար ՌԴ զինված ուժերը գնելու է ռուսաստանյան արտադրության 32 միավոր Կա-52 ուղղաթիռներ («Միստրալներից» յուրաքանչյուրը կարող է կրել մինչև 16 ուղղաթիռ), որոնք պիտի արտադրվեն նավային արդիականացմամբ:

Հիշեցնենք, որ «Միստրալ» ուղղաթիռակիր նավերի գնման պայմանագիրը Ռուսաստանն ու Ֆրանսիան կնքել են 2011-ին։ 1,624 մլրդ ԱՄՆ դոլար արժողությամբ պայմանագրի համաձայն՝ Ֆրանսիան երկու ուղղաթիռակիր նավ պիտի կառուցեր ու տրամադրեր Ռուսաստանին։ Առաջին նավը Ֆրանսիան Ռուսաստանին հանձնելու է 2014-ի վերջին, երկրորդը՝ 2015-ին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *