Մեծ Բրիտանիան կարդիականացնի նախատեսածից քիչ տանկեր. ֆինանսները սուղ են

Կիրառման ժամկետի երկարացման նպատակով արդիականացվող Challenger-2 տանկերի քանակը Մեծ Բրիտանիայում կարող է էլ ավելի կրճատվել թագավորության ռազմական ծախսերի սղության պատճառով: Այս մասին, ըստ «Ջեյնս» ռազմական հանդեսի, հայտնել է տանկերի արդիականացման Life extension programme (LEP)ծրագրի ղեկավարի տեղակալ, գնդապետ Նիք Հանթերը (Nick Hunter):

Պաշտոնյայի խոսքով՝ «ոչ մի այլ միջոց մարտի դաշտում չի կարող փոխարինել հիմնական մարտական տանկերին», սակայն ֆինանսների սղության պատճառով բրիտանական կողմը ստիպված է կրճատումների գնալ: Ներկայում արդիականացվող տանկերի թիվը կարող է էլ ավելի կրճատվել, թեև նախկինում ևս արդիականացվող տանկերի քանակը կրճատվել է մոտ 40 տոկոսով՝ հասցվելով 227 միավորի:

Բրիտանական Challenger-2 (Չելենջեր-2) հիմնական մարտական տանկը Իրաքում

Բրիտանական Challenger-2 (Չելենջեր-2) հիմնական մարտական տանկը Իրաքում

Արդիականացվող տանկերի վերջնական քանակը կորոշի բրիտանական բանակի նոր շտաբը, որն արդեն ստացել է ռազմական ծախսերը սեփական նախաձեռնությամբ տնօրինելու իրավունք:

Նախկինում հայտարարվում էր, որ արդիականացման ընթացքում տանկերի վրա տեղադրվելու են գերմանական Rheinmetall ընկերության Rh-120 120 մմ հարթափող թնդանոթներ, սակայն հետագայում բրիտանացիները հրաժարվեցին այդ թնդանոթներից ու որոշեցին պահպանել բրիտանական արտադրության 120 մմ ակոսավոր թնդանոթները:

Բացի այդ, ծրագրի շրջանակներում նախատեսված է արդիականացնել տանկերի դիտման սարքավորումներն ու ավելացնել նոր ինֆրակարմիր դիտարկման սարքեր: Նախատեսված է, նաև, որ տանկերի մի շարք սարքավորումներ ու հանգույցներ կփոխարինվեն, քանի որ դրանց մի մասը ներկայում հանվել է արտադրությունից:

Ծրագրի համաձայն՝ տանկերի արդիականացման արդյունքում կավելացվի դրանց շահագործման ժամկետը: Արդիականացված Challenger-2 տանկերի շահագործման ժամկետը կավելացվի առնվազն մինչև 2035 թվականը, իսկ արդիականացված տանկերի առաջին խմբաքանակը բրիտանական զինված ուժերին կմատակարարվեն մինչև 2020 թվականը:

Բրիտանական Challenger-2 հիմնական մարտական տանկերն արտադրության մեջ են 1994-ից մինչև 2009 թվականները, երբ արտադրող ընկերությունը հայտարարեց, որ տանկերը դուրս է բերում արտադրությունից, քանի որ չունի արտադրության պատվերներ: Տանկն ունի 4-հոգանոց անձնակազմ ու 62,5 տոննա զանգված:

Challenger-2-ը զինված է 120 մմ ակոսավոր թնդանոթով, ինչպես նաև 2 միավոր 7,62 մմ գնդացիրներով: Տանկի զրահը կոմբինացված է, տանկի վրա տեղադրված է նաև հակակումուլյատիվ դինամիկ պաշտպանության համակարգ:

Տանկի վրա տեղադրված է 1200 ձիաուժանոց շարժիչ, որի միջոցով այն կարող է զարգացնել մինչև 56 կմ/ժ արագություն: Challenger-ը հաղթահարում է մինչև 30 աստիճան անկյամբ վերելք, ինչպես նաև կարողանում է հաղթահարել մինչև 0,9 մ բարձրությամբ պատ, մինչև 1,1 մ խորությամբ ծանծաղուտ ու մինչև 2,8 մ լայնությամբ խրամ:

Տանկն առկա է Մեծ Բրիտանիայի ու Օմանի զինված ուժերի սպառազինության մեջ՝ համապատասխանաբար 386 միավոր ու 38 միավոր քանակություններով: Տանկի մոտավոր գինը 7,2 մլն ամերիկյան դոլար է:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *