Իրադրությունն Ուկրաինայում. թարմացվող լրահոս. հունիսի 30

Ուկրաինայի հարավ-արևելքում հունիսի 20-ին հայտարարված և երկարաձգված հրադադարի ընթացքում շարունակվում են տեղային բախումներն ու հրադադարը խախտելու փոխադարձ մեղադրանքները։ Գիշերը լրագրողների խմբի վրա կրակի հետևանքով ռուսաստանցի օպերատոր է սպանվել։

Ծավալվող իրադարձություններին օպերատիվ հետևելու համար Ռազմինֆոն առաջարկում է թարմացվող լրահոսը։

20։40-Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան Կիևին պաշտոնապես առաջարկել է ռուս-ուկրաինական սահմանին կազմակերպել ԵԱՀԿ-ի դիտորդների պարբերաբար բնույթ կրող մշտադիտարկումներ։ Ուկրաինական կողմի պատասխանն այս առաջարկին դեռևս չի եղել։

18։25-Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ շուրջ 10 օր տևող հրադադարի ընթացքում ուժայինները կորցրել են 27 հոգի։ Այս հայտարարությամբ երկրի ԱԳՆ-ն ուզեցել է ակնարկել, որ հրադադարի չպահպանող կողմն ապստամներն են։

16:30-Չնայած հայարարված հրադադարին, բախումներն ուժայինների և ապստամբների միջև Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում շարունակվում են։ Հայտնի է, որ Սլավյանսկում ուժայինների վարած ականանետային կրակի պատճառով զոհվել է 1, վիրավորվել 3 խաղաղ բնակիչ։

14:15-Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտնել է, որ ի զորու է ապահովել հարավ-արևելքում իրականացվող հակաահաբեկչական գործողությունը լուսաբանող միայն այն լրագրողների անվտանգությունն, ովքեր անցել են հավատարմագրում։ Հիշեցնենք, որ ավելի վաղ հավատարմագրումից զրկվել էին ռուսաստանյան մի շարք լրատվամիջոցների թղթակիցներ, ովքեր դեպքերը լուսաբանում էին ակնհայտ ընդգծված հակաուկրաինական երանգներով։

13։25- Սլավյանսկում շարունակվում է փոխադարձ հրետակոծությունը Ուկրաինայի ազգային գվարդիայի և տեղի ապստամբների միջև։ Հաղորդվում է քաղաքացիական անձանց շրջանում զոհերի մասին։

12։15- Դոնեցկի ապստամբների վերահսկողության տակ է հայտնվել Դոնեցկի քիմիական տարրերի գործարանը։ Այս գործարանում արտադրվում է ուկրաինական տանկերի համար կիրառվող 4Ս22 դինամիկ պաշտպանության համար օգտագործվող տարրեր։

11։56- Դոնեցկի ապստամբներին հաջողվել է նախօրեին գրավել հակաօդային պաշտպանության զորքերի զորամասը (№ А-1402)։

11։41- Դոնեցկի ապստամբները տեղեկացրել են, թե դադարեցրել են Դոնեցկի միջազգային օդանավակայանի ջրամատակարարումն ու կոյուղու աշխատանքը՝ այդպիսով փորձելով վնասել այնտեղ հաստատված Ուկրաինայի ազգային գվարդիայի անդամներին։

11։40- Ռուսաստանում ժամանակավոր կացարաններում Ուկրաինայից ՌԴ անցած 17 հազար փախստական է ապրում։ Նման տվյալներ է հրապարակել ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

11։30- Գիշերը Դոնեցկում սպանվել է ռուսաստանյան «Առաջին ալիքի» 68-ամյա օպերատոր Անատոլի Կլյանը։ Նրա և մի խումբ այլ լրագրողների վրա կրակ են բացել, երբ նրանք մոտեցել են Դոնեցկի զորամասերից մեկին։ Ռուսաստանյան աղբյուրները նշում են, որ լրագրողների խմբի վրա կրակ են բացել ուկրաինացի ուժայինները։

Անատոլի Կլյան

Անատոլի Կլյան

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *