Իրադրությունն Ուկրաինայում. թարմացվող լրահոս. հունիսի 29

Ուկրաինայի հարավ-արևելքում հունիսի 20-ին հայտարարված հրադադարի ընթացքում շարունակվում են տեղային բախումներն ու հրադադարը խախտելու փոխադարձ մեղադրանքները։ Այսօր լրանում է հրադադարի համար նախատեսված ժամկետը, թեև գիշերը կրկին կողմերը մարտեր են վարել:

Ծավալվող իրադարձություններին օպերատիվ հետևելու համար Ռազմինֆոն առաջարկում է թարմացվող լրահոսը։

Ուկրաինական ուժայինները հակաահաբեկչական գործողության գոտում

Ուկրաինական ուժայինները հակաահաբեկչական գործողության գոտում

19:20-Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը, Ֆրանսուա Օլանդն ու Անգելա Մերկելը կոնֆերանս զանգ են ունեցել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ, որի ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկման, կոչ են արել նաև կրկին երկարաձգել հրադադարի ժամկետները։

18:30-Ուկրաինայի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Արսեն Ավակովն իր ֆեյսբուքյան էջի միջոցով հայտնել է, որ ազգային գվարդիայի կազմում ձևավորվել է նոր վարչություն, որը զբաղվելու է տեղեկատվական անվտանգության հարցերով։

17:25-Մարտի դաշտում Դոնեցկի ապստամբների գործողությունները համակարգող Իգոր Ստրելկովը հրապարակել է տեսահաշվետվություն, որում թվարկել է վերջին շրջանում որպես օգնություն ստացած կապի ու հատուկ այլ միջոցները։ Ցանկն ամբողջությամբ՝ տեսանյությում։

16:05-Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը լրատվամիջոցներին հայտնել է, որ Դոնեցկի ու Լուգանսկի շրջանների մի քանի քաղաքում ապստամբները գրավել են ներքին գործերի նախարարության շրջանային բաժանմունքները, ինչպես նաև «Կիևսթար» բջջային օպերատորի տեխնիկական ապահովման կենտրոնը։

15:20-Կիևում անցկացվում է շուրջ 1 000 հոգանոց բողոքի ցույց, որի մասնակիցները հիմնականում «Դոնբաս» և «Ազով» գումարտակների մարտիկներն ու նրանց կողմնակիցներն են։ Նրանց հիմնական պահանջն է դադարեցնել հրադադարն ապստամբների հետ ու զենքով ապահովել բոլոր նրանց, ովքեր ցանկանում են կռվել հարավ-արևելյան անհնազանդ շրջաններում։

14:35-Ուկրաինայի արտակարգ իրավիճակների նախարարությունը հրապարակել է տվյալներ, համաձայն որոնց երկրի հարավ-արևելքում հակաահաբեկչական գործողության մեկնարկից ի վեր շրջանը լքել են ավելի քան 25 000 քաղաքացի։ Նրանցից շուրջ 3 000-ը երեխաներ են։

13:50-Ուժայինները վաղ առավոտից ականանետային կրակ են վարում Սլավյանսկի ուղղությամբ։ Արկերից մեկն ընկել է շուկայի հարևանությամբ, ինչի հետևանքով արդեն իսկ զոհվել է խաղաղ 2 բնակիչ։ Այս մասին սոցցանցերում գրել են քաղաքի բնակիչները։

13:25-Հարավ-արևելքում հակաահաբեկչական գործողության շտաբի մամուլի քարտուղարը լրատվամիջոցներին հայտնել է, որ անցնող օրերին Սլավյանսկի մատույցներում իրականացված գործողություննեի հետևանքով զոհվել է 5, վիրավորվել 17 ուժային։

12:50-Ուկրաինայի ազգային գվարդիայի մամուլի ծառայությունը տարածել է հաղորդագրություն, որում նշել է՝ կիրակի առավոտյան ապստամբները ականանետային կրակ են բացել Սլավյանսկի հարևանությամբ գտնվող Կարաչուն լեռան մատույցներում տեղակայված ուժայինների հենակետի ուղղությամբ։ Զոհեր կամ վիրավորներ չկան։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *