Ռուսաստանի ԶՈւ համաբանակային տանկային բիաթլոնն ավարտվեց մորձմոսկովյան Ալաբինո զորավարժարանում։ Տանկերի մրցույթում հաղթող ճանաչվեցին ԶՈւ արևմտյան ռազմական օկրուգի տանկիստները, իսկ հետևակի մարտական մեքենաների պայքարում չեմպիոնի տիտղոսին արժանացան արևելյան ռազմական օկրուգի զինծառայողները։
Խառը՝ տանկերի ու ՀՄՄ-ների պայքարում հաղթող ճանաչված անձնակազմերը ստացան ինչպես փոխանցիկ գավաթներ, այնպես էլ Տ-72Բ տանկի ու ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենայի ոսկեձույլ մանրակերտեր։
Տանկային բիաթլոնին ներկա ՌԴ ՊՆ առաջին տեղակալ, բանակի գեներալ Արկադի Բախինն ու ՌԴ ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Օլեգ Սալյուկովը, ըստ ՌԴ ՊՆ կայքի, գոհ էին անձնակազմերի պատրաստությունից։ Նախարարի առաջին տեղակալ Բախինը հայտնեց, որ հաղթող անձնակազմերը միջազգային տանկային բիաթլոնի ժամանակ կներկայացնեն Ռուսաստանի զինված ուժերը՝ մրցելով 10-ից ավելի արտասահմանյան բանակների անձնակազմերի հետ։
Պաշտոնյայի խոսքով՝ միջազգային տանկային բիաթլոնին այս տարի կմասնակցեն հիմնականում ԱՊՀ երկրների զինված ուժերը, ինչպես նաև Հնդկաստանն ու Չինաստանը։
Ինչպես հայտնի է, «Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցույթը կազմակերպում է ՌԴ ՊՆ-ն։ Ռուսաստանյան կողմը մրցույթին մասնակցելու հրավեր ուղարկել է մոտ 40 երկրների, սակայն ներկայում հայտնի է, որ մրցույթին մասնակցելու է 12-13 պետություն, իսկ ևս մոտ 20 պետություն իր դիտորդներին է ուղարկելու։
Օլիմպիական բիաթլոն մարզաձևի նմանությամբ տանկային երկամարտը (բիաթլոնը) կազմված է երկու մասից։ Առաջին մասը ենթադրում է երեք երթային շրջանների կատարում, որի ընթացքում տանկերը հաղթահարում են նաև տարբեր արգելքներ, որոնց թվում՝ խրամ, էսկարպ, կամուրջ և այլն։
Մյուս մասը մարտական կրակն է՝ տանկի բոլոր կրակային միջոցներով, ընդ որում թնդանոթից կրակում են և´ ընթացքից, և´ կանգնած վիճակից։ Կրակի ժամանակ վրիպելու դեպքում տանկերը կատարում են լրացուցիչ տուգանային շրջաններ։
Հիշեցնենք, որ տանկային բիաթլոնի միջազգային առաջին մրցույթը անցկացվել է 2013-ին ռուսաստանյան Ալաբինո զորավարժարանում։ Ընդ որում՝ անցյալ տարի ՀՀ ԶՈւ տանկային անձնակազմը նույնպես մասնակցել է Ռուսաստանում անցկացված տանկային բիաթլոնի միջազգային մրցումներին։
Ավելացնենք, որ տանկային բիաթլոն անցկացվել է նաև Հայաստանում։ 2013թ. նոյեմբերին հայկական առաջին տանկային բիաթլոնը կազմակերպվել է Արցախի պաշտպանության բանակում՝ ՊԲ խոշոր զորավարժության շրջանակներում։