Ուկրաինայի հարավ-արևելքում հունիսի 20-ին հայտարարված հրադադարի ընթացքում շարունակվում են տեղային բախումներն ու հրադադարը խախտելու փոխադարձ մեղադրանքները։ Այսօր լրանում է հրադադարի համար նախատեսված ժամկետը, թեև գիշերը կրկին կողմերը մարտեր են վարել:
Ծավալվող իրադարձություններին օպերատիվ հետևելու համար Ռազմինֆոն առաջարկում է թարմացվող լրահոսը։
18:10-Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը նոտա է հղել ՌԴ արտաքին գերատեսչությանը՝ որում նշել է, որ չի ընդունում մարդասիրական այն օգնությունը, որը Մոսկվան ուղարկում է Ուկրաինային՝Դոնեցկի և Լուգանսկի բնակչությանն ի օգնություն։ Պատճառները նոտայում շրջանցվել են։
16:30-Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայությունը հայտնել է, որ Ռոստովի շրջանում ընկել է 3 արկ, որոնք արձակվել են Ուկրաինայի տարածքից՝ հավանաբար ուժայինների կողմից։ Ակնկալվում է, որ առաջիկայում այս կապակցությամբ հայտարարությամբ հանդես կգա նաև ՌԴ արտգործնախարարությունը։
15:05-Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն վերահաստատել է, որ երկրի հարավ-արևելքում ստեղծված ճգնաժամը մտադիր է կարգավորել խաղաղ ճանապարհով։ Չնայած այս մտադդությանը, սակայն, ինչպես նաև հայտարարված հրադադարին, հակաահաբեկչական գործողությունը Դոնեցկում և Լուգանսկում շարունակվում է ողջ թափով։
14:30-Ուկրաինայի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Արսեն Ավակովն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, թե ուժայիններին հաջողվել է վերականգնել հսկողությունը Սլավյանսկ տանող ճանապարհի հենակետի նկատմամբ։ Հիշեցնենք, նախօրեին ուժայինները կորցրել էին հենակետը՝ կրելով մեծ կորուստներ, հատկապես այն բանից հետո, երբ իրենց իսկ ուժերի վրա կրակ էր բացել հրետանին։
13:55-Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում պատկերված է, թե ինչպես է հունիսի 28-ին հրետակոծության ենթարկվում Դոնեցկի բնակավայրերից մեկը։
13:30-Չնայած նրան, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն երկարացրել էր հրադադարի ժամկետը ևս 3 օրով՝ մինչև հունիսի 30-ը, այդուհանդերձ այն կրկին չի պահպանվում։ Մարտերրը Դոնեցկի ապստամբների և ուժայինների միջև շարունակվում են։