Աֆղանստանի Բամիան գավառում 2014-ի հունիսի 25-ին կործանվել է ՆԱՏՕ-ի անվտանգության աջակցության միջազգային ուժերին (ISAF) պատկանող անօդաչու թռչող սարք։ Նախնական տեղեկությունների համաձայն, անօդաչուն պատկանում էր ամերիկյան զորախմբին։ Այս մասին հայտնում է աֆղանական «Քհաամա» լրատվակայքը։
Անօդաչուի կործանման ստույգ պատճառը դեռևս հայտնի չէ։ Պարզ չէ նաև՝ այն ընկել է տեխնիկական խնդիրների հետևանքով, թե խոցվել է հակառակորդի կողմից։
Միջադեպը հետաքննող խումբն արդեն իսկ հայտնաբերել է անօդաչուի մասերը լեռներում ու հավաքել դրանք՝ վթարի ստույգ պատճառը պարզելու նպատակով փորձաքննություն անցկացնելու համար։
Հավելենք, որ ամերիկյան The Washington Post հեղինակավոր պարբերականը բոլորվին վերջերս անցկացրել էր հետազոտություն, որի տվյալներով 2001-ից ի վեր Պենտագոնը կորցրել է 418 անօդաչու թռչող սարք։ Վթարների քանակի աշխարհագրությամբ առաջին տեղում է Աֆղանստանը, որտեղ ԱՄՆ բանակը կորցրել է 67 անօդաչու։