Պակիստանի ռազմաօդային ուժերի ուղղաթիռը կործանվել է հունիսի 25-ին՝ գիշերային ժամին կատարվող ուսումնական թռիչքի ժամանակ։ Միջադեպի հետևանքով ուղղաթիռում եղած 2 օդաչուներն էլ զոհվել են։ Այս մասին հայտնում է DefenseNews ռազմական լրատվակայքը։
Որպես վթարի հավանական պատճառ, առայժմ դիտարկվում է անապատային ուժեղ փոթորիկը, որը համընկել է ուղղաթիռի թռիչքի ժամերի հետ։
Այլ մանրամասներ երկրի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը դեռևս չի հայտնում։ Պաշտոնական տեղեկությունը սուղ է այն աստիճան, որ մինչ այժմ չի հայտարարվել նաև, թե ինչ տեսակի ուղղաթիռ է վթարվել։
Նշենք, որ պակիստանյան օդուժում առկա են ինչպես ռուսաստանյան, այնպես էլ ամերիկյան արտադրության ուղղաթիռներ։ Լրատվամիջոցներում նշվում է, որ միջադեպը հավանաբար եղել է ամերիկյան Կոբրա (անգլ.՝ Cobra) հարվածային ուղղաթիռի մասնակցությամբ, սակայն ելնելով վթարի վայրում արված լուսանկարից, այս տարբերակը կարող ենք բացառել, քանի որ Կոբրա ուղղաթիռն ունի պտուտակի միայն 2 թև, մինչդեռ վթարված ուղղաթիռի մոտ դրանք 4-ն են։