Ֆրանսիական ՀՄՄ-ն բրիտանական մրցույթին կմասնակցի հավասար պայմաններով

Բրիտանական զինված ուժերն այս տարվա ընթացքում կփորձարկեն ֆրանսիական 8×8 անվային ընթացամասով VBCI (Véhicule Blindé de Combat d’Infanterie) հետևակի մարտական մեքենաները, որոնք Ֆրանսիան առաջարկել է գնել Մեծ Բրիտանիային:

«Ջեյնս» ռազմական հանդեսի փոխանցմամբ՝ Ֆրանսիան իր հետևակի մարտական մեքենաներն առաջարկել է բրիտանական FRES (Future Rapid Effect System) ծրագրի կասեցումից հետո: Բրիտանական ծրագրով նախատեսված էր գնել շուրջ 4000 զրահապատ մարտական մեքենաներ, որոնք կկիրառվեին տարբեր նպատակների համար, սակայն միևնույն հիմքը կունենային ու փոխարինելի կլինեին մեկը մյուսով:

Ֆրանսիայի ԶՈւ VBCI հետևակի մարտական մեքենան

Ֆրանսիայի ԶՈւ VBCI հետևակի մարտական մեքենան

Հիմնական ծրագրի կասեցումից հետո այն բաժանվեց երկու՝ FRES SV (Specialist Vehicle)ու FRES UV (Utility Vehicle) առանձին ծրագրերի: Հետախուզական մեքենաների FRES SVծրագրով բրիտանացիներն ընտրեցին ASCOD SV հետևակի մարտական մեքենան, որը ավստրիա-իսպանական նախագծման ASCOD (Austrian Spanish Cooperation Development) ՀՄՄ-ի՝ հատուկ բրիտանական ծրագրի համար նախատեսված տարբերակն է:

Իսկ ահա FRES UV(սովորական ՀՄՄ) ծրագրի արդյունքում դեռ որևէ մեքենա չի ընտրվել, ու հենց այս ծրագրի համար է Ֆրանսիան առաջարկել իր հետևակի մարտական մեքենան:

Ֆրանսիական ու բրիտանական կողմերը պայմանավորվել են, որ բրիտանացիները 4 փուլով՝ 8 ամսվա ընթացքում, Ֆրանսիայում կփորձարկեն VBCIհետևակի մարտական մեքենան: Սակայն բրիտանացիները հրաժարվել են որևէ առավելություն տալ ֆրանսիական մեքենային, ու ՀՄՄ-ն մրցույթին կմասնակցի մյուս հետևակի մարտական մեքենաների՝ գերմանա-նիդերլանդական ARTEC Boxer-ի ու շվեցարական Piranha-5 հետևակի մարտական մեքենաների հետ հավասար պայմաններում:

Ընդ որում՝ բրիտանացիները նաև հավելյալ պահանջներ են դրել ֆրանսիական մեքենայի վրա: Մասնավորապես մեքենան դաշտային պայմաններում ընթացային մասին նորոգումների հնարավորություն պիտի ունենա, ու մեքենայի զանգվածը պիտի մոտ 3 տոննա ավելացվելու հնարավորություն ունենա, որպեսզի դրա վրա հնարավոր լինի հավելյալ զրահ տեղադրել:

VBCI-ն 8×8 ընթացամասով մինչև 30 տոննա կշռով անվավոր հետևակի մարտական մեքենա է, որն ունակ է տեղաշարժվել մինչև 90կմ/ժ արագությամբ։ Հետևակի համար այն ապահովում է բարձր աստիճանի անվտանգություն մարտի տարբեր փուլերում՝ միաժամանակ տրամադրելով կրակի վարման ու տեղանքի զննման լավ հնարավորություններ:

Հետևակի մարտական մեքենան զինված է 25 մմ ակոսավոր ավտոմատ թնդանոթով ու 7,62 գնդացրով: Մեքենայի անձնակազմը 3 հոգի է, դեսանտը՝ 8 հոգի:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *