Ուկրաինայի հարավ-արևելքում հունիսի 20-ին հայտարարված հրադադարի ընթացքում շարունակվում են տեղային բախումներն ու հրադադարը խախտելու փոխադարձ մեղադրանքները։ Այսօր լրանում է հրադադարի համար նախատեսված ժամկետը, թեև գիշերը կրկին կողմերը մարտեր են վարել:
Ծավալվող իրադարձություններին օպերատիվ հետևելու համար Ռազմինֆոն առաջարկում է թարմացվող լրահոսը։
22։15”Ուժայինները հերթական խոշոր անհաջողությունն են գրանցել Դոնեցկում այն բանից հետո, երբ ապստամբները գրոհել են Միռնի բնակավայրը։ Ծավալվել է փոխհրաձգություն, իսկ որոշ ժամանակ անց ուժայինների թիկունքում՝ կարծելով, որ հենակետերն արդեն զբաղեցրել են ապստամբները, հրետանային և ականանետային կրակ են բացել այդ ուղղությամբ, մինչդեռ հենակետերում դեռևս եղել են ուժայինների մարտիկները։ «Ընկերական կրակի» հետևանքով զոհվել են ազգային գվարդիայի տասնյակ զինծառայողներ։
21։05-Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության վարչապետ Ալեքսանդր Բորոդայը հայտարարել է, որ անցկացված խորհրդակցությունից հետո որոշվել է պահապնել եռօրյա հրադադարը, որը սահմանվել է մինչև հունիսի 30-ը։
19:50-Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն որոշել է երկարաձգել զինադադարը հարավ-արևելքում կռվող ապստամբների հետ ևս 72 ժամով։ Միևնույն ժամանակ նախագահը հրավիրել է խորհրդակցություն՝ պաշտպանության և ներքին գործերի նախարարների, ինչպես նաև Ուկրաինայի անվտանգության ծառայության պետի մասնակցությամբ։ Հիշեցնենք, որ ավելի վաղ սահմանվել էր մեկ շաբաթանոց հրադադար, որի գործողության ժամկետն ավարտվում էր հունիսի 27-ին։
13։40-Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության պաշտպանության փոխնախարար Ֆյոդոր Բերեզինը լրագրողներին պատմել է նախօրեին Դոնեցկում ազգային գվարդիայի զորամասերից մեկի գրհի մասին։
13։15-Հարավ-արևելքում հակաահաբեկչական գործողությունը համակարգող շտաբից լրատվամիջոցներին հայտնել են, որ անցնող օրերին ուժայինները ապստամբներից խլել են 2 տանկ, խոցել ևս 1-ը։ Ապստամբների շտաբն այս տեղեկությունը դեռևս չի մեկնաբանել։
12։10- Ուկրաինայի հարավ-արևելքում հրադադարի ռեժիմի ժամկետը լրացել է տեղի ժամանակով 10։00-ին (երևանյան ժամանակով 11։00-ին)։ Հրադադարն ուժի մեջ էր մտել հունիսի 20-ի երեկոյան։
10։57- Դոնեցկի շրջանում գիշերային ժամերին երկու պայթյուն է որոտացել երկաթգծերի վրա։ Պայթյունների հետևանքով երկաթգծերի վնասված հատվածներով գնացքների շարժը դադարեցվել է։ Ուկրաինական կողմը պայթյունի պատասխանատվություն դրել է ապստամբների վրա, որոնք, սակայն, հերքում են իրենց մասնակցությունը պայթյուններին։
10։55- Երեկոյան և գիշերը Սլավյանսկում ընթացած մարտերի հետևանքով Ուկրաինայի ազգային գվարդիան 1 զինծառայող է կորցրել, ևս 2-ը վիրավորվել են, տեղեկացնում են ուկրաինական պաշտոնական աղբյուրները։
10։52- Կրամատորսկում ապստամբները կարողացել են ոչնչացնել ուկրաինական կողմի հենակետը, տեղեկացնում է ուկրաինական «Ունիան» գործակալությունը։
10։50- Սլավյանսկից հաղորդում են, որ առավոտյան քաղաքում խաղաղ է եղել, կրակոցների և պայթյունների ձայներ լսելի չեն եղել, թեև նախօրեի երեկոյան կրակահերթեր են եղել քաղաքում։
10։35- Կրամատորսկի մոտ գիշերը մարտեր են ընթացել։ Ըստ «Ռիա Նովոստիի»՝ ապստամբները հայտնել են, որ կարողացել են ոչնչացնել ուկրաինական ուժայինների 4 զրահափոխադրիչ և 1 հետևակի մարտական մեքենա։ Բացի այդ, չհաստատված տեղեկություններով ապստամբները կարողացել են գրավել «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ։