Ադրբեջանում զինված ուժերի կազմավորման 96 ամյակի կապակցությամբ անցկացվել է օպերատիվ-մարտավարական զորավարժություն զինված ուժերի, ներքին զորքերի և սահմանապահ պետական ծառայության ստորաբաժանումների մասնակցությամբ, որոնց հետևել է նաև նախագահ Իլհամ Ալիևը։ Այս մասին հայտնող հաղորդագրությունը տեղադրվել է նախագահի կայքում։
Զորավարժությանը հետևել են նաև պաշտպանության և ներքին գործերի նախարարները, զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ու սահմանապահ պետական ծառայության պետը։
Ընդհանուր առմամբ, զորավարժությունում ներգրավված են եղել շուրջ 4 000 զինծառայող, 80 տանկ, 100 զրահամեքենա, 80 հրետանային համակարգ, 10 մարտական ինքնաթիռ և 20 ուղղաթիռ։
Նախքան ակտիվ փուլի մեկնարկը, նախագահ Իլհամ Ալիևին ցուցադրել են ադրբեջանական բանակում կիրառվող սպառազինության նմուշները, որից հետո զորավարժարանի տարածքում մեկնարկել են վերոնշյալ ուժային կառույցների ստորաբաժանումների փոխկապակցված գործողությունները։
Զորավարժության ավարտին Իլհամ Ալիևը շնորհավորել է բոլոր մասնակիցներին զինված ուժերի կազմավորման 96-ամյակի կապակցությամբ ու պարգևատրել առավել աչքի ընկած զինծառայողներին։
Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. հունիսի 22-28 | Ռազմ.info