Lockheed Martin ընկերությունը կարտադրի հրթիռային հարձակման ծանուցման նոր արբանյակներ

ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատարությունը 2014-ի հունիսի 24-ին հայտնել է, որ հրթիռային հարձակման ծանուցման SBIRS համակարգի ևս 2 արբանյակի արտադրության պայմանագրի մրցույթում հաղթել է Lockheed Martin ընկերությունը։ Այս մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը։

SBIRS համակարգի արբանյակի ցուցապատկեր

SBIRS համակարգի արբանյակի ցուցապատկեր

Մինչև 2022 թվականի սեպտեմբերի 30-ը սահմանված պայմանագրի ընդհանուր արժեքը 1.86 միլիարդ ամերիկյան դոլար է։ Նշվում է, որ ի տարբերություն նախորդ նախագծերի, նոր արբանյակների արժեքը կրճատվել է շուրջ 1 միլիարդ դոլարով։

Ներկայումս Միացյալ Նահանգների տրամադրության տակ առկա է հրթիռային հարձակման SBIRS համակարգի (Space-Based Infrared System, հայերեն՝ տիեզերական տեղակայման ինֆրակարմիր համակարգ) 4 արբանյակ, որոնց Lockheed Martin ընկերության հետ կնքած պայմանագրի արդյունքում կավելանա ևս 2-ը։

Նախատեսվում է, որ այս համակարգը կփոխարինի հրթիռաjին հարձակման ծանուցման՝ դեռևս 1970-ականներից շահագործվող արբանյակները։ SBIRS-ի աշխատանքի հիմքում ինֆրակարմիր ճառագայթումն է, որի միջոցով արձանագրվում են բալիստիկ հրթիռների բոլոր արձակումները։ Նշենք, որ այս համակարգի առաջին 2 արբանյակներն ԱՄՆ-ն սկսել է շահագործել 2013-ից, ևս 2-ը ներկայումս փորձարկման փուլում են։

Շուրջ 116 000 աշխատակից ունեցող Lockheed Martin ընկերությունն աշխարհում աերոտիեզերական և պաշտպանական ոլորտում բարձրագույն տեխնոլոգիաներ նախագծող խոշորագույն ընկերություններից մեկն է։ Վերջինիս է պատկանում նաև հինգերորդ սերնդի F-35 կործանիչի նախագիծը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *