Ադրբեջանի զինված ուժերի օրը՝ հերթական առիթ Հայաստանին սպառնալու համար

2014-ի հունիսի 26-ին Ադրբեջանում նշում են զինված ուժերի կազմավորման 96 ամյակը։ Այս կապակցությամբ նկատվեց Ադրբեջանի ռազմական ղեկավարության՝ հատկապես պաշտպանության նախարարի՝ Հայաստանի հասցեին արդեն սովորական դարձած սպառնալիքների հերթական շարքը։

Թեպետ դրանց բովանդակությունը հիմնականում կրկնում է նախորդ երկու տասնամյակներին ադրբեջանցիների անարդյունք արած հայտարարություններն ու հավակնությունները, այդուհանդերձ կա անհրաժեշտություն կանգ առնել որոշ կետերի վրա՝ վերհանելու այն նորույթները, որոնք տեղ են գտել Հայաստանի նկատմամբ տարվող ռազմական քաղաքականությունում։

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանով

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանով

Նախ նշենք, որ զինված ուժերի օրվան ընդառաջ պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը ծավալուն հարցազրույց տալով «Ադրբեջան» պարբերականին՝ կրկնեց տարիների պատմություն ունեցող այն թեզը, թե զինված ուժերը պատրաստ են ցանկացած պահի ազատագրել հայերի կողմից «բռնազավթված» հողերը, վերականգնել պատմական արդարությունը և այլն և այլն։

Պարբերականին տված հարցազրույցից առանձնահատուկ հիշատակման կարիք ունի նախարարի հայտնած միայն մեկ միտք. պարզվում է, ադրբեջանական զինուժը կարող է ցանկացած պահի ոչնչացնել հայկական ցանկացած բնակավայր, սակայն չի անում դա մարդասիրական նկատառումներից ելնելով։

Մենք կարող ենք ոչնչացնել ռազմական ցանկացած օբյեկտ կամ բնակավայր Հայաստանի տարածքում։ Դրա համար ունենք անհրաժեշտ բոլոր միջոցները, սակայն մարդասիկական սկզբունքներն ու մեր ժողովրդի մարդկային աստիճանը զսպում են մեզ այդ քայլից։ Ի՞նչ մեղք ունեն խաղաղ բնակիչները՝ երեխաները, կանայք և ծերերը։

Կարծում ենք, առանձնապես չկա անհրաժեշտություն ընթերցողին հիշեցնելու, թե օրինակ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը քանի անգամ են հայտնվել թշնամու գնդակոծության թիրախում, ինչպես նաև հիշեցնել 2014-ի հունվարի 24-ի դեպքը, երբ հակառակորդի կրակից Այգեպար գյուղում իր տանը ոտքի շրջանում հրազենային վնասվածք ստացավ 16-ամյա աղջիկ։

Ինչևէ, հակառակորդի մարդասիրական դիրքորոշումը լավագույնս եզրափակում է ստորև բերված լուսանկարը, որում պատկերվածը Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի դպրոցի հանդերձարանի պատուհանն է, որն այս տեսքն է ստացել հակառակորդի գնդակոծման հետևանքով։

Ներքին Կարմիրաղբյուրի դպրոցի գնդակոծված պատուհանը

Ներքին Կարմիրաղբյուրի դպրոցի գնդակոծված պատուհանը

Հաջորդ ուշագրավ հայտարարությունը, որն օրերս հնչեց պաշտպանության նախարարի շուրթերից՝ հունիսի 24-ին Հեյդար Ալիևի անվան բարձրագույն ռազմական ուսումնարանի կուրսանտների ավարտական հանդիսավոր արարողության ժամանակ էր։ Շնորհավորելով շրջանավարտներին Զաքիր Հասանովն, իր խոսքը գեղարվեստականացնելով, նոր կարգախոս վերագրեց զինված ուժերին։

Մենք թույլ չենք տա Ադրբեջանի տարածքում հայկական երկրորդ պետության ստեղծումը։ Սա զինված ուժերի կարգախոսն է։

Փորձելով հնարավորինս զերծ մնալ տեսական դիտարկումներից, այդուհանդերձ նկատենք, որ Ադրբեջանի զինված ուժերի կարգախոսը, փաստորեն, կանխավ ձախողված է, քանի որ հայկական երկրորդ պետությունը՝ Հասանովի ընկալմամբ «Ադրբեջանի տարածքում», արդեն տևական ժամանակ է, ինչ իրականություն է։

Շարունակելով բանակի օրվան ընդառաջ հարցազրույցների իր շարքը, Զաքիր Հասանովն անդրադարձավ նաև 2014-ի հունիսին Նախիջևանում հայկական զինուժի գրանցած դիրքային առաջխաղացմանը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այս իրադարձությանն արձագանքեց միայն այն ժամանակ, երբ խուճապը պատեց տեղական մեդիադաշտը ու բոլորը պահանջեցին պարզաբանում, թե ինչ է իրականում եղել Նախիջևանում։ Հասանովի ղեկավարած գերատեսչության մամուլի ծառայությունը, սակայն, հունիսի 19-ին տարածած հաղորդագրությունում կտրականապես հերքեց Նախիջևանում դիրքային որևէ փոփոխությունը ու հավելեց, թե դա հայկական կողմի ապատեղեկատվությունն է ու նախատեսված է բացառապես ներքին լսարանի համար։

Հունիսի 25-ին ադրբեջանական «ԱՆՍ» գործակալությանը տված հարցազրույցում սակայն, խոսելով զինված ուժերի՝ Նախիջևանում տեղակայված բանակային նախկին 5-րդ կորպուսի հիման վրա ստեղծված առանձին համազորային բանակի մասին, Հասանովը անզգուշաբար կամ գիտակցաբար, դա արդեն էական էլ չէ, խոստովանեց, որ դիրքային առաջխաղացում հայկական կողմն այդուհանդերձ ունեցել է։

Նախիջևանի առանձին բանակի ստեղծումից հետո հայերն իրենց տարածքում հիմնել են մի քանի մարտական դիրք ու հետո տարածել տեղեկություն, թե զբաղեցրել են մեր տարածքները։

Մամուլի ծառայության հաղոորդագրության և պաշտպանության նախարարի խոսքերի իրարամերժությունը մեջբերում ենք իրավիճակի անհեթեթությունը մատնանշելու, որքան արձանագրելու համար՝ մի կողմից Հասանովը խոսում է զինված ուժերի՝ Հայաստանի տարածքում ցանկացած ռազմական օբյեկտ ոչնչացնելու ունակության մասին, իսկ մյուս կողմից անուղղակիորեն խոստովանում, որ առաջնագծում իրադրության թելադրողն ամենևին էլ իր մատնանշած զինված ուժերը չեն։

Ադրբեջանում կանցնի հերթական հունիսի 26-ը՝ իր հետ տանելով նաև այդ երկրում ռազմահայրենասիրական սրված զգացումը, որը սովորաբար լինում է այդ օրերին։ Հաջորդիվ նորից տարբեր առիթներով հարևան երկրում կհայտարարեն, թե զինված ուժերն ունակ են հաշված օրերի ընթացքում հաշվեհարդար տեսնել Հայաստանի հետ։ Ու այն, որ դա  չի լինում, ոչ այնքան թշնամու ապիկարության, որքան հայկական կողմի ձեռնարկած քայլերի հետևանքն է, ինչի շնորհիվ Ադրբեջանում դեռևս վստահ չեն սեփական զինուժի անվիճելի գերակայության հարցում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *