Հայաստանի կառավարությունը հունիսի 26-ին նիստ է անցկացրել, որի ժամանակ էլ որոշել է զինվորական պարտադիր ծառայությունից ազատել ՀՀ ազգային հավաքականի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանին։
ՀՀ կառավարությանն ուղղված նախագծումնշված էր. «Յուրա Սերգեյի Մովսիսյանին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ֆուտբոլի 2016 թվականի Եվրոպայի առաջնության նախընտրական փուլերին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական թիմի առաջատար ֆուտբոլիստ Յուրա Սերգեյի Մովսիսյանի մասնակցությունն ապահովելու անհրաժեշտությամբ։
Յուրա Սերգեյի Մովսիսյանը հանդես է գալիս ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմում, աչքի է ընկնում արդյունավետ խաղով, և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը կարևորում է նրա մասնակցության ապահովումը ֆուտբոլի հավաքական թիմի սպասվելիք խաղերին։
Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունիսի 13-ի № 606 Ա որոշմամբ Յուրա Սերգեյի Մովսիսյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում էր տրվել մինչև 2014 թվականի գարնանային զորակոչը: Քանի որ Յուրա Սերգեյի Մովսիսյանի 27 տարին լրանում է 2014 թվականի օգոստոսի 2-ին, հնարավոր չէ նրան պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ կամ երկարաձգել տարկետման ժամկետը։ Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել ազատել նրան պարտադիր զինվորական ծառայությունից»։
Նշենք, որ Յուրա Մովսիսյանը, ով ներկայում հանդես է գալիս Մոսկվայի «Սպարտակ» ակումբում, ծնվել է 1987 թվականին։
One response to “Յուրա Մովսիսյանն ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից”