Ադրբեջանական տեղեկատվական աղբյուրները տարածում են տեղեկություններ, ըստ որոնց՝ Ադրբեջանի զինված ուժերը ռուսաստանյան «Ուրալվագոնզավոդ» ընկերությանը պատվիրել են ՄՏՈւ-90Մ տանկային կամրջադիրներ:
Նշված կամրջադիրները զրահատեխնիկա արտադրող ռուսաստանյան ընկերությունը պատրաստելու է հենց ադրբեջանական զինված ուժերի համար: Նման հայտարարություն է տարածում ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը, թեև չի նշում, թե ինչ քանակի մասին է խոսքը ու ինչքան կարող է արժենալ նման գործարքը:
Աղբյուրը հայտնում է, թե իբր ինժեներական տեխնիկան արդեն պատրաստ կլինի ու Ադրբեջան կհասցվի 2014-ի օգոստոսին:
Անհրաժեշտ է նշել, որ տանկային կամրջադիրները նախատեսված են տանկերի ու այլ զրահատեխնիկայի համար խրամների, ծանծաղուտների ու նաև գետերի վրայով դրանց անցումն ապահովելու նպատակով կամուրջ տեղադրելու համար:
Ադրբեջանի իբր պատվիրած ՄՏՈւ-90Մ կամրջադիրները պատրաստվում են Տ-72/Տ-90 տանկի շասսիի հիման վրա: Կամրջադիրների վրայից հանված է ամբողջ սպառազինությունը, ու դրա փոխարեն դրված է ծալովի կամուրջ, որը մեքենայի վրա տեղավորվում է մկրատաձև ծալվելու միջոցով:
Կամրջադիրն ունի 20 մետրանոց կամուրջ, որի բացազատումը տևում է 2-ից 3 րոպե, այն կարողանում է ապահովել մինչև 18-19 մետրանոց խոչըդոտների հաղթահարում: Երկու նմանատիպ մեքենաների կցման արդյունքում էլ հնարավոր է ստանալ ավելի երկար կամուրջ: Զրահապատ մեքենայի վրա տեղադրված է 1000 ձիաուժանոց շարժիչ, որից տեղադրվում են նաև Տ-72 տանկերի ուշ արդիականացումների ու Տ-90 տանկերի վրա: