«Միստրալների» գործարքին հիմա էլ խանգարում են Բալթիկ ծովի քամիները

Ռուսաստանից մեկնող անձնակազմի ուշացումից հետո Մոսկվան ուշացնում է նաև իր համար նախատեսված երկրորդ «Միստրալ» դասի ուղղաթիռակիր նավի նավախելի ուղարկումը Ֆրանսիա:

Թեև տարբեր առիթներով Ֆրանսիան էլ, Ռուսաստանն էլ նշում են, որ «Միստրալների» պայմանագրի բոլոր դրույթները կատարում են ըստ ժամանակացույցի, սակայն պարզվում է, որ Ռուսաստանը ուշացնում է «Սևաստոպոլ» անունը ստացած դեռ կիսակառույց նավի նավախելի ուղարկումը: Բալթիկ ծովում ուժեղ քամիների պատճառաբանությամբ՝ ռուսաստանյան կողմը նավախելի ուղարկումը հունիսի կեսերից տեղափոխել է մինչև հունիսի վերջ, ինչի մասին հայտնում է ռուսաստանյան «Իզվեստիա» պարբերականը:

Սա կարող է հանգեցնել ռազմանավի կառուցման ժամանակացույցի փոփոխության, որովհետև նախատեսված էր, որ Ռուսաստանն արդեն հունիսի կեսերին պիտի նավախելը հասցներ Ֆրանսիա, որտեղ երեք շաբաթների ընթացքում այն պիտի միացնեին նավի առջևի մասին, ու սկսեին ռազմանավի փորձարկումները: Ռուսաստանը նավախելը ջուրն էր իջեցրել դեռևս ապրիլի վերջին:

Միստրալ դասի «Վլադիվոստոկ» ուղղաթիռակիրը

Միստրալ դասի «Վլադիվոստոկ» ուղղաթիռակիրը

Նշենք, որ օրեր առաջ հայտնի դարձավ նաև, որ Ռուսաստանցի մոտ 400 զինծառայողներ, որոնք պիտի Ֆրանսիայում ծանոթանային Ռուսաստանի համար նախատեսված «Միստրալ» նավին ու դրանցից մեկն իրենց հետ տանեին ՌԴ, կրկին ուշանում են: Ուշացման պատճառը զինծառայողներին տեղափոխող «Սմոլնի» ուսումնական նավի անսարքությունն էր:

Մինչ այդ նախատեսված էր, որ «Սմոլնին» հունիսի 18-ին պիտի դուրս գար նավարկության ու հունիսի 22-ին զինծառայողներին հասցներ Ֆրանսիա: Ընդ որում՝ այն ավելի շուտ պիտի հասներ Ֆրանիսա, սակայն խափանվել էր ու կանգնել նորոգման:

Հիշեցնենք, որ «Միստրալ» ուղղաթիռակիր նավերի գնման պայմանագիրը Ռուսաստանն ու Ֆրանսիան կնքել են 2011-ին։ 1,624 մլրդ ԱՄՆ դոլար արժողությամբ պայմանագրի համաձայն՝ Ֆրանսիան երկու ուղղաթիռակիր նավ պիտի կառուցեր ու տրամադրեր Ռուսաստանին։ Ընդ որում՝ նավերը Ֆրանսիան պարտավորվել է տրամադրել առանց սպառազինության, քանի որ, ըստ պայմանագրի, սպառազինությունը պիտի արտադրի ու տեղադրի Ռուսաստանը։ Առաջին նավը Ֆրանսիան Ռուսաստանին հանձնելու է 2014-ի վերջին, երկրորդը՝ 2015-ին:

Նախատեսված է, որ երկու ռազմանավերը Ռուսաստանը տրամադրելու է ՌԴ ԶՈւ ռազմածովային ուժերի խաղաղօվկիանոսյան նավատորմին: Ու թեև Ռուսաստանի ղեկավարությունը հաստատել է մտադրությունը, որ նավեն ուղարկելու է Խաղաղ օվկիանոս, սակայն խոսակցություններ կան նաև, որ նավերից մեկը կարող է տեղակայվել Սև ծովում, ինչը անհանգստություն է առաջացնում ՆԱՏՕ-ում:

Ռազմանավերի վաճառքի պայմանագրի շուրջ հունիսի սկզբին իրենց վերաբերմունքն էին արտահայտել նաև մի քանի երկրների ղեկավարներ:

Նավերից առաջինը, որ ստացել է «Վլադիվոստոկ» անվանումը, դեռ փորձարկումների փուլում է։ Երկու նավերը ստանալուց հետո Ռուսաստանը կարող է ևս երկու ուղղաթիռակիր նավեր գնելու պայմանագիր առաջարկել Ֆրանսիային կամ նավերն արտադրել սեփական գործարաններում։

Միստրալ տիպի ուղղաթիռակիր նավերը նախատեսված են միանգամից մի քանի խնդիր կատարելու համար։ Դրանք կարող են միաժամանակ տախտակամածի վրա ընդունել ուղղաթիռներ, դեսանտ իջեցնել, կիրառվել որպես զորքերի կառավարման կենտրոն, ինչպես նաև օգտագործվել որպես շարժական հոսպիտալ։ Նավի առավելագույն արագությունը 33 կմ/ժ է, նավարկության առավելագույն հեռավորությունը շուրջ 37 հազար կիլոմետր (համեմատելու համար՝ Երկրի հասարակածի երկարությունը մոտ 40 հազար կիլոմետր է)։ Նավի անձնակազմը 170 մարդ է։ Այն կարող է տեղափոխել մինչև 16 ուղղաթիռ ու 40 տանկ։ Միստրալ տիպի ուղղաթիռակիր նավի գինը մոտավոր 620 մլն ամերիկյան դոլար է։

2 responses to “«Միստրալների» գործարքին հիմա էլ խանգարում են Բալթիկ ծովի քամիները

  1. Pingback: Ռուսաստանին տրվելիք «Միստրալները» կարող են չունենալ ֆրանսիական սարքավորումներ | Ռազմ.info

  2. Pingback: Ֆրանսիայում կսկսվի Ռուսաստանի ռազմանավի կառուցման վերջնական փուլը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *