Ուկրաինայի ազգային գվարդիան շարունակում է սպառազինություն ստանալ

Ուկրաինական «Ուկրօբորոնպրոմ» պետական գործակալության մեջ մտնող Կիևի զրահատանկային գործարանը ուկրաինական ազգային գվարդիային է փոխանցել 5 միավոր ԲՏՌ-3Ե1 զրահափոխադրիչներ, ինչի մասին, «ՌԻԱ Նովոստի» գործակալության հաղորդմամբ, հայտնել է ազգային գվարդիայի մամուլի ծառայությունը:

Թաիլանդի զինված ուժերի ԲՏՌ-3 զրահափոխադրիչները

Թաիլանդի զինված ուժերի ԲՏՌ-3 զրահափոխադրիչները

Զրահափոխադրիչների հանձնման արարողության մասնակցել է նաև ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ստեպան Պոլտորակը, ով էլ հայտնել է, որ առաջիկայում ստացած զրահափոխադրիչները կփորձարկեն դաշտային պայմաններում ու կուղարկեն Ուկրաինայի արևելքում մղվող մարտերին մասնակցելու:

Մինչ այս ազգային գվարդիան արդեն ստացել է 10 միավոր զրահափոխադրիչներ, որոնք ունեին տարբեր լրակազմեր: Անհայտ քանակով զրահափոխադրիչների ևս մեկ խմբաքանակ գվարդիան ստացել է մայիսին: Հետագայում էլ հայտարարություններ հնչեցին, ըստ որոնց՝ ազգային գվարդիային տրամադրվելու էր շուրջ 100 միավոր զրահատեխնիկա:

Հավանական է, որ ազգային գվարդիային տրամադրվող ԲՏՌ-3 զրահափոխադրիչներն այն նույն զրահափոխադրիչներն են, որոնք պիտի ուղարկվեին Թաիլանդ, սակայն այդպես էլ մնացել էին Կիևում:

Հիշեցնենք, որ Թաիլանդի հետ 2011-ի օգոստոսին կնքած պայմանագրով Ուկրաինան պարտավորվել էր թաիլանդական զինված ուժերին մատակարարել 121 միավոր ԲՏՌ-3 զրահափոխադրիչներ, որի համար ստանալու է շուրջ 140 մլն ամերիկյան դոլար:

Սակայն պայմանագրի կատարումը կիսատ էր թողնվել Ուկրաինայում ծագած խնդիրների, ինչպես նաև ուկրաինական զենքի արտահանող ընկերության պարտքերի պատճառով: Զրահափոխադրիչները տեղափոխող ընկերությունը հրաժարվել էր իր նավի վրա գտնվող տեխնիկան հանձնել Թաիլանդին:

Ենթադրաբար «առիթից օգտվելով»՝ ուկրաինական ընկերությունները արդեն արտադրված, բայց Թաիլանդ չուղարկված զրահափոխադրիչները որոշել են հանձնել երկրի ազգային գվարդիային ու զինված ուժերին, ինչպես նախկինում արդեն վարվել են Իրաքի վերադարձրած ԲՏՌ-4 զրահափոխադրիչների հետ:

Ազգային գվարդիային տրամադրված ԲՏՌ-3 զրահափոխադրիչը նախագծել են խորհրդային ԲՏՌ-80 զրահափոխադրիչների հիման վրա: 16,5 տոննա զանգվածով զրահափոխադրիչը լողացող է: Անձնակազմը 3 մարդ է, տեղափոխվող դեսանտայինների քանակը՝ 6-8 մարդ:

Մեքենան զինված է 30 մմ ակոսավոր ավտոմատ թնդանոթով, ինչպես նաև 7,62 մմ գնդացրով ու 30 մմ ավտոմատ նռնականետով: Մեքենայի վրա տեղադրված են նաև «Բարյեր» հակատանկային կառավարվող հրթիռներ: ԲՏՌ-3 զրահափոխադրիչն ունի մի շարք արդիականացումներ ու առկա է մոտ 10 երկրների սպառազինության մեջ՝ հիմնականում մինչև 10 միավոր քանակությամբ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *