Իրադրությունն Իրաքում. թարմացվող լրահոս. հունիսի 26

Իրաքի զինված ուժերի և «Իրաքի և Լևանտի (Ասորիքի) իսլամական պետություն» իսլամիստական (սուննի ուղղության) կազմակերպության միջև մարտերը փոփոխակի հաջողությամբ շարունակվում են։

Սիրիայում հաջող գործողություններից հետո ԻԼԻՊ-ն այժմ էլ ակտիվացել է Իրաքում՝ գրավելով այդ երկրի երկրորդ խոշոր քաղաքը՝ Մոսուլն ու առաջանալով մայրաքաղաք Բաղդադի ուղղությամբ, որտեղ շիաները սկսել են պատրաստվել պաշտպանությանը։ Թեև իրաքյան զինուժը որոշակի հաջողություններ ունենում է, սակայն իսլամիստները նույնպես գրավում են նոր տարածքներ, ինչպես նաև կարողանում պահպանել արդեն գրաված տարածքները։ Իսկ քրդերի վերահսկողության տակ Քիրքուքում առաջին ահաբեկչությունն է գրանցվել։

Իրաքում զարգացումներին օպերատիվ հետևելու համար առաջարկում ենք թարմացվող լրահոսը.

18։30- ԻՍԻՊ-ը, որը գրավել է Մոսուլն ու իր հսկողության տակ է պահում հասցրել է քաղաքում ռազմական շքերթ անցկացնել։ Զորահանդեսի ժամանակ զինյալները ցուցադրել են ամերիկյան տեխնիկա, որոնք առգրավել են իրաքյան զինուժից։

14։30- Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ուիլիամ Հեյգը չհայտարարված այցով հունիսի 26-ին ժամանել է Բաղդադ։ Բրիտանացի դիվանագետն իրաքյան իշխանությունների հետ քննարկելու է երկրում ստեղծված իրավիճակը։ 

11։50- Քիրքուք քաղաքում, որը ներկայում քրդերի վերահսկողության տակ է, հունիսի 25-ին ահաբեկչություն է եղել։ Պայթյունի հետևանքով 4 մարդ է զոհվել, 16 հոգի վիրավորվել է։ Մահապարտ ահաբեկիչը գործի է դրել ռումբը, երբ ոստիկանը նրան կանգնեցրել է շուկայի մուտքի մոտ։ Սա առաջին ահաբեկչությունն է, ինչ Իրաքյան Քրդստանի ուժերը տեղակայվել են Քիրքուքում։

11։40- Իրաքյան զինուժը սկսել է պատրաստվել Հադիթա (Բաղդադից 240 կմ արևմուտք) քաղաքի պաշտպանությանը։

11։30- ԻԼԻՊ-ը շարունակում է Իրաքում գրավել կարևորագույն օբյեկտներ։ Նախօրեին իսլամիստները կարողացել են տիրել մի շարք նավթային դաշտերի։ Մասնավորապես, նրանց ձեռքն է անցել Տիգրիտիից 30 կմ արևելք Աջիլ շրջանը, որն էլ հարուստ է նավթով։

11։25- Իսլամիստների ձեռքում է հայտնվել «Քեմփ Անակոնդա» ավիաբազան, որը Յասրիբ քաղաքի հարևանությամբ է։ Քաղաքում մարտերը շարունակվում են։ Յասրիբը Բաղդադից 90 կմ հյուսիս է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *