Հունիսի 25-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում ներկա գտնվեց և ելույթ ունեցավ Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերին մասնակցող երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը։
Աֆղանստանում տիրող իրավիճակին և միջազգային հանրության անելիքներին նվիրված հանդիպմանը մասնակցում էին ՆԱՏՕ-ի անդամ և Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերին մասնակցող շուրջ հինգ տասնյակ երկրների ԱԳ նախարարներ:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր ելույթի ժամաակ նշեց, որ միջազգային հանրությունը հետևողական ջանքեր է գործադրել Աֆղանստանում անվտանգության և կայունության հաստատման համար, և այժմ, երբ երկրում անվտանգության ապահովման գործառույթը փոխանցվել է Աֆղանստանի անվտանգության ազգային ուժերին, կարևոր է նրանց համապատասխան օգնության ցուցաբերումը իրենց առաքելությունն արդյունավետ իրականացնելու համար։
Նալբանդյանը հույս հայտնեց, որ Աֆղանստանում ի հայտ եկած հետընտրական բարդությունները հնարավոր կլինի հաղթահարել կառուցողական, կողմերի համար ընդունելի եղանակով՝ ճանապարհ հարթելով երկրում կայունության հաստատման և անվտանգության ապահովման համար։
Նալբանդյանն իր խոսքում վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը շարունակելու օժանդակությունը Աֆղանստանում անվտանգության և ներազգային համերաշխության հաստատման ուղղությամբ գործադրվող միջազգային հավաքական ջանքերին, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: