ՀՀ վարչապետն այցելել է առաջնագիծ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հունիսի 25-ին Արցախի պաշտպանության նախարար գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի ուղեկցությամբ այցելել է Արցախի պաշտպանական բանակի առաջին գիծ:

ՊԲ հրամանատարն ու ՀՀ վարչապետը՝ առաջնագծում

ՊԲ հրամանատարն ու ՀՀ վարչապետը՝ առաջնագծում

ՀՀ վարչապետը հանդիպել է մարտական դիրքում ծառայությունն անցկացնող զինվորներին և հրամանատարներին, շրջայց կատարել մարտական հենակետում, ծանոթացել ծառայության անցկացման և կենցաղային պայմաններին, ճաշել զինծառայողների հետ, հետաքրքրվել նրանց մարտական և հոգեբանական պատրաստվածությամբ:

ՀՀ կառավարության ղեկավարը նվերներ է հանձնել մարտական հենակետը պաշտպանող բոլոր զինծառայողներին: Մարտական առաջին գծում ծառայությունն ավարտած երկու զինծառայող զորացրվել են և Հովիկ Աբրահամյանի առաջարկությամբ իր հետ վերադարձել տուն:

Լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետ Աբրահամյանը բարձր է գնահատել զինծառայողների մարտական պատրաստականությունը և հոգեբանական վիճակը, ինչպես նաև գոհունակություն հայտնել զինծառայողների կենցաղային պայմաններից և սնունդից:

Այնուհետև Հայաստանի վարչապետն այցելել է Պաշտպանության բանակի զորամասերից մեկը, զրուցել զինծառայողների և սպայական անձնակազմի հետ, ծանոթացել ծառայողական և կենցաղային պայմաններին:

Զինվորական բարձր կարգապահությամբ և պարտաճանաչությամբ աչքի ընկնելու համար ՀՀ կառավարության ղեկավարը մի խումբ զինծառայողների և հրամանատարների նվիրել է ժամացույց և կենցաղային տեխնիկա:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *