Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունն անդրադարձել է ադրբեջանական հատուկ ծառայությունների գործելաոճին, ինչի վերաբերյալ մի շարք բացահայտումներ է արել և տեղեկացրել, թե ինչպես է ապատեղեկատվություն հաղորդել հակառակորդ կողմին։
ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունից ստացված հաղորդագրությունը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 2013 թվականին բացահայտվել էր ադրբեջանական հատուկ ծառայությունների պարզ և պրիմիտիվ գործելաոճը, որը, այլընտրանք չունենալու պատճառով, վերջիններս որդեգրել էին օգտագործելով ինտերնետային սոցցանցերի հնարավորությունները:
Այդ կապակցությամբ զանգվածային լրատվամիջոցներում տեղեկատվություն էր հրապարակվել ինտերնետային սոցիալական ցանցերում, հիմնականում` «Օդնոկլասսնիկի» կայքում ԱՀ հատուկ ծառայությունների կողմից օգտագործվող «Seyran Dervishyan», «S Dr» և «Tigran Dervishyan» կեղծանուններով հանդես եկող անձանց մասին, որոնք առասպելավորված շփումներ էին հաստատում Հայաստանի (ներառյալ ՊԲ) զինված ուժերի նախկին ու ներկա զինծառայողների հետ և փորձեր էին ձեռնարկում նրանցից կորզել ռազմական բնույթի հետախուզական տվյալներ:
Վերոհիշյալ տեղեկատվությունը լայն տարածում է ստացել ազգաբնակչության, հատկապես «Օդնոկլասսնիկի» սոցիալական ցանցից օգտվող երիտասարդների շրջանում, որի արդյունքում Հայաստանի (Արցախի) բազմաթիվ քաղաքացիներ, սեփական նախաձեռնությամբ, անմիջապես սկսել են դիմել ԱԱԾ մարմիններ ու հայտնել տվյալներ իրենց հետ «Օդնոկլասսնիկի» սոցցանցում կապ հաստատած կասկածելի անձանց մասին:
Այդ կերպով ԱԱԾ մարմինների տեսադաշտում են հայտնվել նաև ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից «Օդնոկլասսնիկի» սոցիալական ցանցում գործադրված “Seyran Derv”, “S.S.”, “Samvel Samvel”, “Ա Ս”, “Артем Арутюнов”, “Albert Mnacakanyan”, “A M”, “Ruben Hayrapetyan”, “(((((((RH)))))))”, “Gevorg Sargyan”, “Alik Mesropyan”, “Sergey Karapetyan” ու մի շարք այլ կեղծանուններով գրանցված անձնական էջեր, որոնց քողի ներքո հանդես են եկել ադրբեջանցի հետախույզներ:
Չհրաժարվելով այս գործելաոճից՝ ադրբեջանական հատուկ ծառայությունները նույնիսկ գլխի չեն ընկել փոփոխելու մեր քաղաքացիների հետ շփումների մեջ մտնելու համար նախատեսված առասպելները, ու գրեթե բոլոր դեպքերում շարունակել են ներկայանալ որպես Վրաստանում, Ստամբուլում կամ էլ Ռուսաստանում կահույքի աքսեսուարների, տնտեսական ապրանքների առևտրով զբաղվող կամ էլ սփյուռքահայ կազմակերպությունների հետ առնչություն ունեցող հայեր, որոնք նախկինում իբրև ծառայություն են անցել այս կամ այն հայկական զորամասերում:
Մի շարք քաղաքացիների մասնակցությամբ ՀՀ ԱԱԾ մարմինները նրանց են մատուցել մեծածավալ ապատեղեկատվական նյութեր, որոնց հիման վրա ադրբեջանական հատուկ ծառայությունները զեկուցում են հետախուզության ոլորտում իբր ունեցած հաջողությունների մասին, այն ինչ իրականում մոլորեցնում են իրենց երկրի ղեկավարությանը, որոնք իրենց հերթին պարբերաբար հանդես են գալիս անհիմն մարտատենչ հայտարարություններով:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը իր երախտագիտությունն է հայտնում հայրենասիրական դրսևորումներ ցուցաբերած մեր քաղաքացիներին և հերթական անգամ կոչ է անում զերծ մնալ սոցիալական ցանցերում պատահական շփումներից, իսկ կասկածելի անձանց հայտնաբերման դեպքում դիմել ՀՀ ԱԱԾ»: