Անհայտ անձը կրակել է Պակիստանի Պեշավար քաղաքի օդանավակայանում վայրեջք կատարող քաղաքացիական ինքնաթիռի վրա, ինչի պատճառով ինքնաթիռի ուղևորներից մեկը մահացել է:
Ռուսաստանյան «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ կրակոցները անցել են ինքնաթիռի ֆյուզելյաժով ու վիրավորել են ինքնաթիռի երկու բորտուղեկցորդներին ու ուղևորներից մի կնոջ, որը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է:
Նշենք, որ Պակիստանյան Pakistan International Airlines ընկերության ինքնաթիռը Պեշավար քաղաք էր թռչում Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադից ու տեղափոխում էր 196 ուղևոր: Կրակոցների պատճառով ինքնաթիռում խուճապ է սկսվել ու դրա վայրէջքից հետո ուղևորները սկսել են որքան հնարավոր է շուտ լքել ինքնաթիռը՝ վախենալով հրդեհի վտանգից:
Տեղի ոստիկանության տվյալներով՝ գետնից ինքնաթիռի ուղղությամբ կատարված կրակոցները եղել են 12-ը, բայց նրանցից 6-ն է դիպել ինքնաթիռին, ընդ որում՝ դրանցից մեկն անցել է ինքնաթիռի շարժիչներից մեկի մոտով:
Ոստիկանությունը թեև սկսել է կրակողի որոնումը, սակայն նաև մանրամասնել է, որ նման դեպքերը Պակիստանի այդ հատվածում՝ հյուսիսային Խայբեր Պախտունխվա նահանգում, սովորական երևույթ են:
Հավանական է, որ ինքնաթիռի վրա հարձակումը կազմակերպել է «Թալիբան» զինյալ խմբավորումը, քանի որ խմբավորման զինյալներն ավելի վաղ՝ հունիսի 9-ին, հարձակվել էին Կարաչիի միջազգային օդանավակայանի վրա: Հարձակման պատճառով մահացել էր 24 մարդ, զինյալ խմբավորումը հունիսի 9-ին ու հունիսի 10-ին շարունակված հարձակումների ընթացքում կորցրել էին 10 մարդ: