Իրադրությունն Ուկրաինայում. թարմացվող լրահոս. հունիսի 25

Ուկրաինայի հարավ-արևելքում հունիսի 20-ին հայտարարված հրադադարի ընթացքում շարունակվում են բախումներն ու հրադադարը խախտելու փոխադարձ մեղադրանքները։

Ծավալվող իրադարձություններին օպերատիվ հետևելու համար Ռազմինֆոն առաջարկում է թարմացվող լրահոսը։

19։10-Ուկրաինայի երկաթգծի շահագործման համար պատասխանատու ընկերությունը տարածել է հաղորդագրություն, որում նշել է, որ երկաթգծային հաղորդակցումը վերականգնվել է բոլոր այն հատվածներում, որտեղ եղել էին պայթեցումներ։ Հիշեցնենք, որ նախորդ 3 օրերին Ուկրաինայի տարբեր շրջաններում գրանցվել է երկաթգծի պայթեցման 9 դեպք։

17։35-Համացանցում հայտնվել են հունիսի 24-ին ապստամբների կողմից խոցված Մի-8 բեռնատար ուղղաթիռի լուսանկարները։

15:50-Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության վարչապետ Ալեքսանդր Բորոդայը լրագրողներին հայտնել է, որ ապստամբների սպառազինությունը համալրվել է նաև տանկերով, որոնք առգրավվել են հակառակորդից` ուժայիններից։ Բորոդայը չի հստակեցրել առկա տանկերի ստույգ թվաքանակը, սակայն նշել է, որ ծավալները բավական զգալի են։

15։15-Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հանրահայտ բռնցքամարտիկ, ՈւԴԱՌ կուսակցության ղեկավար Վիտալի Կլիչկոյին համատեղության կարգով նշանակել է Կիև քաղաքի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում։ Ավելի վաղ՝ մայիսի 25-ին կայացած ընտրություններում Կլիչկոն ընտրվել էր նաև Կիևի քաղաքապետ։

14։40-Ուկրաինայում վերհիշում են Հայրենական մեծ պատերազմի տարիներին պարտիզանական պայքարի մարտավարություններից մեկը՝ երկաթգծերի պայթեցումը։ Միայն նախորդ օրվա ընթացքում Ուկրաինայի տարբեր շրջաններում գրանցվել է երկաթգծի պայթեցման 6 դեպք։ Եվս 3 դեպք էլ գրանցվել էր նախորդ 3 օրերի ընթացքում։ ՄԻջադեպերի հետևանքով զոհեր և տուժածներ չկան։

13։55-Ուկրաինայի զինված ուժերի՝ անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետ Ալեքսանդր Ռոզմազնինը հայտնել է, որ հունիսի 24-ին Սլավյանսկում ապստամբների կողմից խոցված Մի-8 բեռնատար ուղղաթիռում եղել են նաև Ուկրաինայի անվտանգության ծառայության սպաներ։ Հիշեցնենք, ուղղաթիռի խոցման հետևանքով մահացել է 9 զինծառայող, որոնցից 3-ը անձնակազմի անդամներն են։

13։15-Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության շրջանային ղեկավար Պավել Գուբարյովն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ հունիսի 25-ի վաղ առավոտյան ապստամբենրը հարձակվել են Սլավյանսկ-Կրամատորսկ ավտոմայրուղու վրա տեղակայված ուժայինների ամրակետի վրա, ինչի հետևանքում վերջիններս կրել են զգալի կորուստներ։ Ստույգ թվեր դեռևս չեն հաղորդվում։

12։35-Ապստամբները հարձակվել են ուժայինների 2 հենակետերի վրա։ Հարձակման են ենթարկվել Դոնեցկի և Լուգանսկի շրջանների հատման կետում տեղակայված, զինված ուժերի 79-րդ բրիգադն, ինչպես նաև Բիրյուկովո բնակավայրի հարևանությամբ տեղակայված սահմանապահ զորամասը։ Զոհերի և տուժածների մասին տեղեկություններ դեռևս չկան։

12:10-ՌԴ Դաշնային խորհուրդը հավանություն է տվել նախագահ Պուտինի՝ հունիսի 24-ին հղած առաջարկին, չեղարկելով Ուկրաինայի տարածքում ռուսաստանյան զորքերը կիրառելու թույլտվությունը։ Հիշեցնենք, որ նախագահին նման լիազորություն ՌԴ Դաշնային խորհուրդը տվել էր դեռևս 2014-ի մարտի 1-ին, երբ նոր էր հասունանում դեռևս Ղրիմի ճգնաժամը։

11։00- Ուկրաինական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ գիշերը Լուգանսկի և Դոնեցկի սահմանագծին գտնվող Դմիտրովկա բնակավայրում հարձակում է եղել ուկրաինական ուժայինների հենակետի վրա։ Կողմերի կորուստների վերաբերյալ տվյալներ չեն հաղորդվում։

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *