Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2014-ի հունիսի 24-ին դիմել է ՌԴ Դաշնային Խորհուրդ՝ առաջարկելով չեղյալ համարել վերջինիս՝ 2014-ի մարտի 1-ի որոշումը, որով երկրի նախագահին տրվել էր թույլտվություն՝ անհրաժեշտության դեպքում կիրառել զինված ուժերն Ուկրաինայի տարածքում։ Այս մասին հաղորդում է Ռուսաստանյան «Ռիա-Նովոստի» լրատվական գործակալությունը։
Դաշնային Խորհուրդը նախագահի դիմումը կքննարկի արդեն իսկ վաղը՝ հունիսի 25-ի առավոտյան։
Խորհրդի՝ անվտանգության և պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Վիկտոր Օզյորովը նշել է, որ մարտի 1-ի որոշումը նպատակահարմար է չեղյալ համարել, որպեսզի այն չշահարկվի կիևյան իշխանությունների և ապստամբների միջև ընթացող բանակցությունների ընթացքում։
Վլադիմիր Պուտինի այս քայլին արդեն իսկ արձագանքել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, ով նշել է, որ դա գործնական քայլ է՝ ուղղված երկրի հարավ-արելքում ստեղծված իրավիճակի խաղաղ կարգավորմանը։
Հիշեցնենք, 2014-ի մարտի 1-ին Ղրիմում տեղակայված ՌԴ ԶՈւ ստորաբաժանումները դուրս բերվեցին զորամասերից և նշանակվեցին պարեկության՝ Ղրիմում ուկրաինական ռազմական օբյեկտների հարևանությամբ։ Դրան զուգահեռ, ՌԴ Դաշնային խորհուրդը նախագահին թույլատրեց անհրաժեշտության դեպքում կիրառել զինված ուժերն Ուկրաինայի տարածքում։
Pingback: Իրադրությունն Ուկրաինայում. թարմացվող լրահոս. հունիսի 24 | Ռազմ.info