Ուկրաինայի արևելքում օգտագործված տեխնիկան նորոգման կարիք ունի

Ուկրաինայի զինված ուժերի ղեկավարությունը պայմանավորվել է ուկրաինական «Մալիշևի» անվան գործարանի հետ, որով վերջինս կնորոգի երկրի արևելքում զինված ուժերի օգտագործած զրահատեխնիկան, ինչի մասին հայտնում է Ուկրաինայի ՊՆ կայքը:

Ուկրաինայի ԶՈւ՝ երկրի արևելքում օգտագործած ու վնասված ԲՏՌ-4 զրահափոխադրիչներից մեկը

Ուկրաինայի ԶՈւ՝ երկրի արևելքում օգտագործած ու վնասված ԲՏՌ-4 զրահափոխադրիչներից մեկը

Պայմանավորվածության համաձայն՝ գործարանի աշխատակիցները խմբեր են կազմելու, որոնք անմիջապես ռազմական գործողությունների շրջաններում՝ դաշտային պայմաններում, նորոգելու են զինված ուժերի վնասված սպառազինությունը: Սպառազինության այն մասը, որը դաշտային պայմաններում հնարավոր չի լինի նորոգել, ընկերության ներկայացուցիչները կուղարկեն գործարան, որտեղ էլ կանցկացնեն հիմնական նորոգումը:

Ընկերությունը մասնագիտացած է ուկրաինական «Բուլատ» ու «Օպլոտ» տանկերի, ԲՏՌ-4 զրահափոխադրիչների արտադրության մեջ: Ընկերության ներկայացուցիչներն էլ հենց նմանատիպ զրահատեխնիկայի նորոգման աշխատանքներ են կատարելու:

Տեղեկություն կա նաև, որ «Մալիշևի անվան գործարանը» զինված ուժերին «Օպլոտ» տանկերի խմբաքանակ մատակարարելու պատվեր է ստացել: Չհաստատված աղբյուրների համաձայն՝ խոսքը շուրջ 200 միավոր տանկերի մասին է, որոնցից առաջին 17 միավորը ուկրաինական զինված ուժերը ստանալու է մինչև 2017 թվականը, իսկ մնացած տանկերը՝ մինչև 2025 թվականը:

Նշենք, որ «Օպլոտ» տանկը ներկայում ընդգրկված է Ուկրաինայի ու Թաիլանդի բանակների սպառազինության մեջ։ Այն խորհրդային Տ-80 հիմնական մարտական տանկի հետագա զարգացումն է ու արտադրվում է ուկրաինական Խարկով քաղաքում: Ուկրաինայի ու Թաիլանդի միջև 2011-ի աշնանը կնքված պայմանագրով նախատեսված էր թաիլանդական կողմին հանձնել 49 միավոր «Օպլոտ»։ Պայմանագրի արժեքը գնահատվել է 200 մլն ԱՄՆ դոլար: 2013-ի հոկտեմբերի դրությամբ ուկրաինական կողմը Թաիլանդին տրամադրել է տանկերից միայն 5-ը:

Թաիլանդին տրամադրված Տ-84Ու Օպլոտ հիմնական մարտական տանկերը

Թաիլանդին տրամադրված Տ-84Ու Օպլոտ հիմնական մարտական տանկերը

«Օպլոտ» տանկը սպառազինված է 125 մմ հարթափող թնդանոթով, զենիթային 12, 7 մմ ու թնդանոթին կցված 7,62 մմ գնդացիրներով։ Տանկի վրա տեղադրված է հակատանկային հեռակառավարվող հրթիռների «Կոմբատ» արձակման կայան։ Պաշտպանված է «Դուպլետ» դինամիկ պաշտպանության ու «Վարտա» ակտիվ պաշտպանության համակարգերով։

«Օպլոտի» վրա տեղադրված է 1200 ձիաուժանոց 6ՏԴ-2Ե դիզելային շարժիչ, որի միջոցով տանկը զարգացնում է մինչև 70 կմ/ժ արագություն։ Տանկի զանգվածը 51 տոննա է, անձնակազմը՝ 3 հոգի։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *